Հայաստանը Եվրամիությանը կինտեգրվի ոլորտ-ոլորտ, ամբողջականը չի ստացվում «Ժողովու…

🇦🇲🇪🇺 Հայաստանը Եվրամիությանը կինտեգրվի ոլորտ-ոլորտ, ամբողջականը չի ստացվում
📰 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Հայաստան կատարած այցի ընթացքում խոստացել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել մեր երկրին տրանսպորտի, թվայնացման, էներգետիկայի, առեւտրի եւ ենթակառուցվածքային նախագծերում։ Նա շեշտել է, որ այժմ պատմական հնարավորություն է ստեղծվել՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու եւ Հայաստանը դարձնելու տարածաշրջանային կապերի կարեւոր հանգույց՝ «Խաղաղության խաչմերուկ» գաղափարի շրջանակում։
🔴 Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարը հայտարարեց, որ ԵՄ-ն Հայաստանի համար դիմակայունության եւ աճի ծրագրի երկրորդ փուլի ֆինանսավորումն է հատկացնում։ «Ավելի քան 200 միլիոն եվրոյի մասին է խոսքը, որը կխթանի կապակցվածության, դիմակայունության եւ բիզնեսի զարգացման ոլորտում ներդրումները։ Սա վկայում է Հայաստանի հստակ բարեփոխումների օրակարգին հավատարիմ լինելու մասին։ Սա նաեւ վկայում է ձեր հստակ հանձնառության մասին՝ կարեւոր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելուն», – հայտարարեց Կոսը։
🔴 Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ, ԵՄ-Հայաստան հարաբերություններում իրական ինտեգրացիան դեռ հեռու է ամբողջական լինելուց։ Ըստ մեր տեղեկությունների՝ մի շարք խոչընդոտներ շարունակում են արգելակել գործընթացը՝ սկսած օրենսդրական անհամապատասխանություններից մինչեւ իրավական ակտերի թերի համապատասխանեցում ԵՄ ստանդարտներին։ Նույնիսկ ՍԵՊԱ-ի համաձայնագրով նախատեսված օրենքների մոտարկման գործընթացը հազիվ 60 տոկոսով է կատարված մինչ օրս: Խնդիրներ կան նաեւ վարչարարության եւ քաղաքացիության վերաբերյալ կարգավորումների մեջ, ինչը խանգարում է խորքային եւ համակարգային ինտեգրացիային։
🔴 Հենց այս պատճառով էլ Նիկոլ Փաշինյանի կառավարության ներսում որդեգրվել է ոլորտային ինտեգրման մոտեցում, այսինքն՝ ԵՄ-ի հետ համագործակցությունը կառուցվում է կոնկրետ ոլորտների շուրջ՝ էներգետիկա, թվայնացում, առեւտուր եւ այլ առաջնահերթ ճյուղեր։ Սա, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, ավելի իրատեսական եւ աշխատող մոդել է համարվում ներկայիս պայմաններում։
🔴 Ընդհանուր պատկերը հստակ է՝ ԵՄ-ից հնչող բարձրագոչ հայտարարությունները դեռ լիարժեք չեն վերածվում ինստիտուցիոնալ ինտեգրման։ Մինչ Եվրոպան խոսում է խաղաղության, կապակցվածության եւ ներդրումների մասին, Հայաստանում ընթացիկ քաղաքական իրողությունները ստիպում են շարժվել մասշտաբային փոխակերպումների փոխարեն՝ փուլային, թեմատիկ եւ միտումնավոր զգուշավոր ճանապարհով»։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով