Ինչո՞ւ են համապարփակ ապահովագրության պայմաններում բժիշկները էլի պացիենտից «լևի» …

Ինչո՞ւ են համապարփակ ապահովագրության պայմաններում բժիշկները էլի պացիենտից «լևի» փող պահանջում
Իմ այս հարցն ու նախարար Անահիտ Ավանեսյանի պատասխանը կոլեկտիվ անպատասխանատվության և մեղքը իրար վրա բարդելու դասական օրինակ է։
Բացատրեմ․ պացիենտները դժգոհում են, որ ԲԿ-ներում, հատկապես՝ «Էրեբունի» ԲԿ-ում, շատ բժիշկներ իրենցից հավելյալ գումար են պահանջում՝ պետության փոխհատուցածից դուրս։ Բժիշկները դա պատճառաբանում են նրանով, որ իրենց մատուցած ծառայության, օրինակ՝ իքս վիրահատության արժեքը շատ ավելի բարձր է, քան պետության փոխհատուցումն է ապահովագրության շրջանակներում։ Այս երևույթը տարածված է գրեթե բոլոր ԲԿ-ներում, բայց, չգիտես ինչու, հատկապես «Էրեբունի» ԲԿ-ում դա մի տեսակ ավելի արտահայտված է՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով։ Օբյեկտիվն այն է, որ «Էրեբունին» շատ մեծ ԲԿ է, հետևաբար՝ դեպքերն էլ այստեղ շատ են, սուբյեկտիվն էլ այն է, որ այս ԲԿ-ում բժիշկները մի տեսակ շատ աներեսաբար են հիվանդներից «լևի» փող պահանջում՝ բացահայտ, առանց հաշվի առնելու բազմաթիվ հանգամանքներ.
ուղղակի այդ մարդիկ տարիներ ի վեր սովորել են պացիենտների հաշվին կողքից միլիոններ աշխատելուն, ու հիմա այդ արատավոր սովորությունից չեն կարողանում հրաժարվել, նաև անհանգստություն ունեն, որ ապահովագրության ներդրումից հետո և այսպիսի պայմաններում իրենց ավելի քիչ փող կմնա։
Նախարար Ավանեսյանն իմ այս դիտարկումներին ի պատասխան այսօր գնդակն ուղարկեց ԲԿ-ների դաշտ՝ նշելով, թե ԲԿ-ներն իրենք են համաձայնել այդ պայմաններով, պետության սահմանած փոխհատուցման վճարի այդպիսի չափով պայմանագիր ստորագրել պետության հետ և աշխատել։ Իսկ քանի որ ԲԿ-ների ղեկավարները համաձայնել են, դա նշանակում է՝ իրենք քննարկել ու համաձայնեցրել են այդ պայմանները նաև իրենց բուժանձնակազմի հետ։ Հետևաբար, ստացվում է բոլորը համաձայն են ու պիտի որ գոհ լինեն պետության առաջարկած պայմաններից։ Բայց, արի ու տես, այդ նույն ԲԿ-ների այդ նույն բժիշկները պացիենտների մոտ դժգոհում են, որ իրենց վիրահատության արժեքը շատ ավելի բարձր է, իսկ պետությունն իրենց շատ ավելի քիչ է փոխհատուցում, իրենք էլ, հետևաբար, ավելի քիչ են վաստակում տվյալ վիրահատությունից։ Արդյունքում՝ ստիպված են լինում (իսկ որոշներն էլ՝ զուտ բնավորության գիծ են դարձրել) պետության ցածր փոխհատումից նվազած իրենց եկամուտը լրացնել պացիենտներից «լևի» փող պահանջելով, որն ուղիղ տվյալ բժշկի գրպանն է գնում, անգամ տվյալ ԲԿ-ի դրամարկղ չի մտնում: Ավելին, այդ ԲԿ-ի ղեկավարությունը հաճախ այդ մասին չի էլ իմանում կամ իմանում, բայց աչք է փակում, որովհետև՝ դե, պետությունը քիչ է փոխհատուցում, դրա համար իրենք թույլ են տալիս, որ իրենց բժիշկները պացիենտների հաշվին կողքից փող աշխատեն։
Փաստորեն, բոլորը, կարծես թե, առերևույթ գոհ են, բայց նաև բոլորը դժգոհ են, հետևաբար, իրենց կարիքներն էլի պացիենտի հաշվին են բավարարում` այն պացիենտի, որն ուրախացել է, որ վերջապես պետության հաշվին կվիրահատվի, բուժում կստանա, բայց պարզվում է՝ էլի պիտի իր գրպանից վճարի։
Հ.Գ. Հիմա ո՞վ է այս ամենի մեղավորն ու պատասխանատուն, և սխա՞լ եմ ասում ինչ ասում եմ, հը՞ տիկին նախարար։ Իսկ Դուք ի՞նչ կասեք՝ Արտյոմ Մաքսիմիչ, որպես առողջապահության նախկին ու, ասում են, լավագույն և ռեֆորմատոր նախարարներից մեկն ու ներկայում «Էրեբունի» և «Նաիրի» ԲԿ-ների հիմնադիր։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Մանրամասն՝ տեսանյութում 👇
https://youtu.be/1P9lSdP2Q0c?si=X4MesoKOEIX7BiA6

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով