Եվ այսօր, երբ, ինչպես նշեցինք, լրանում է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից ՀՀ…

Եվ այսօր, երբ, ինչպես նշեցինք, լրանում է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության տարելիցը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը X սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների և Ռուբեն Վարդանյանի դատավճիռներին՝ նշելով, որ իբր տեղի է ունեցել արդարության վերականգնում, և, որ այն հարգանքի տուրք է «1992 թվականի փետրվարի 26-ին տեղի ունեցած «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակին»:
«Առաջ քաշելով հակամարտությունների լուծման եզակի ռազմաքաղաքական մոդել և նախաձեռնելով հետկոնֆլիկտյան խաղաղության օրակարգ, Ադրբեջանը նաև ապահովեց «պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների» (չակերտները.- Մ.Պ.) մեջ մեղադրվողների, այդ թվում՝ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Ռուբեն Վարդանյանի և մյուսների պատասխանատվության ենթարկելու գործընթացը: Եվ «Խոջալուի ցեղասպանության» հերթական տարելիցի նախօրեին դատական այդ բոլոր որոշումների հրապարակումը հարգանքի տուրք էր այդ ողբերգության անմեղ զոհերի հիշատակին, առհասարակ ամբողջ կոնֆլիկտի: Մենք ակնկալում էինք, որ կլինեն միջազգային դատեր, նյուրնբերգյան պրոցեսներ, կստեղծվեն տրիբունալներ, սակայն ժամանակակից ոչ արդար միջազգային միջավայրում օրենքի կիրառումը նույնիսկ դարձել է ավելի ու ավելի քաղաքականացված և ենթարկվում է երկակի ստանդարտների։ Ուստի Ադրբեջանն ինքը կազմակերպեց դատական պրոցեսները և սեփական իրավական համակարգի միջոցով ապահովեց «արդարադատություն»»,- հայտարարել է Հաջիևը՝ դարձյալ, այսպես ասած, տրվելով սիմվոլիկային:
Բնականաբար, իր գրառման մեջ նա չի մոռացել հիշեցնել օրերս France 24-ին տված հարցազրույցում Ալիևի հայտարարությունները, որ նա չի պատրաստվում ներում շնորհել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին և Ռուբեն Վարդանյանին, քանի որ «մարդկության դեմ նրանց կատարած հանցագործությունը նույնիսկ ավելի ծանր ու վատն էր, քան Երկրորդ համաշխարհայինի ժամանակ նացիստների կատարածը»:
«Պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող անձի արդարացումը հավասարազոր է այդ հանցագործությունների լեգիտիմացմանը և պատասխանատվության խաթարմանը մեղսակից լինելուն»,- X սոցիալական ցանցի իր էջում վերևում հիշատակված գրառման մեջ հավելել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ նկատելով, թե չի կարող լինել էթնիկ հաշտեցում և կայուն խաղաղություն՝ առանց արդարադատության, և, որ Ադրբեջանը շարունակելու է Հարավային Կովկասում առաջ տանել խաղաղության օրակարգը և ջանքեր գործադրել դրա ամրապնդման համար:
Անամոթ ձևակերպումներ, քաղաքականություն, ինչը, սակայն, ՀՀ իշխանությունների նման «պարտնյորի» դեպքում զարմանք չի հարուցում:
Մի իշխանության, որը պատրաստ է հետ կանչել միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ հայցերը, երբ Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական «դատավարությունը» չի ավարտվել. Բաքուն «իրավական բազա» է ստեղծել, որը չի ոչնչացվել, երբ ռազմական հանցագործ Ադրբեջանը պատասխան չի տվել Բաքվի, Սումգայիթյան ջարդերի, 2023 թվականին Արցախում իրականացրած էթնիկ զտման, 30 տարվա ընթացքում ռազմական տարաբնույթ հանցագործությունների, հայ զինծառայողների գլխատումների և հենց Գուրգեն Մարգարյանի կացնահարման համար, բայց ստացել է Արցախում և ՀՀ-ում դատապարտված իր հանցագործներին և ահաբեկիչներին:
Ավելին, այս իշխանությունները ՀՀ-ում գրկաբաց ընդունում են Հայկական բանակին «հանցագործ» հռչակած, նախկին նախագահներին «Խոջալուի ցեղասպանության» մեջ մեղադրած ու «արևմտյան Ադրբեջան» պահանջող Ալիևի վստահելիներին: Արդյո՞ք բացատրվում է նրանց, թե ինչ է իրականում տեղի ունեցել և ում պատասխանատվության գոտում են «Խոջալուի դեպքերը», որոնք իրականությունից դուրս «ամրագրված են» կամ ամրագրվելու են Խոջալուում՝ Իվանյանում կառուցվող «Խոջալուի ցեղասպանության» հուշահամալիրում, որտեղ հետագայում տանելու են նաև երկիր այցելած բարձրաստիճան հյուրերին՝ նպաստելով ադրբեջանական թեզի տարածմանը:
Սակայն մի բանում Հաջիևն իրավացի է՝ չի կարող խոսք լինել հաշտեցման մասին, երբ չի իրականացվել արդարադատություն, և, որ անպատժելիությունն օրինական միջավայր է ստեղծում նոր հանցագործությունների համար:
Նշենք, որ սա նույն Հաջիևն է, ով, ինչպես գրել է 168.am-ը՝ ՀՀ իշխանություններից նախքան Բաքվի «դատավարությունը» պահանջում էր հետաքննել «Գյանջայի դեպքերը» և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Արդյոք կարո՞ղ ենք ասել, որ Հաջիևը Բաքվի դատավարությամբ իր «արդար պահանջը» համարում է բավարարված, թե՞ ինչ-որ պահի կարող է դրան վերադարձ լինել:
Ալիևի «Նյուրնբերգը». Ինչպե՞ս է Բաքուն ՀՀ իշխանությունների լռությամբ «սրբագրում» փաստերը ու լեգիտիմացնում ոճրագործությունը

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով