Ինչպե՞ս է տեւական ժամանակ տեղեկատվա-քարոզչական մակարդակում նենգափոխվել Վրաստանո…

🔥 Ինչպե՞ս է տեւական ժամանակ տեղեկատվա-քարոզչական մակարդակում նենգափոխվել Վրաստանում տեղի ունեցողն ու որակվել «եվրոպական արժեքներից կամ եվրաինտեգրացիայից շեղում»:
Միայն Սահակաշվիլու նախագահությունից անտեղյակը կարող է ասել, թե նրա նախագահության շրջանում երկրում եղել է ավելի շատ ժողովրդավարություն, քան Բիձինա Իվանիշվիլու:
Այստեղ փաստարկ կարող է բերվել, որ դեմոկրատիայի վկայություն էր այն, որ Իվանիշվիլլին ընտրությանը հաղթեց Սահակաշվիլուն: Այստեղ սակայն ուզում եմ ձեզ հիշեցնել տարիներ, գրեթե տասնամյակ առաջ նրա մի հարցազրույց, որտեղ հայտնում էր, որ ինքն էր Սահակաշվիլու իշխանության գլխավոր դոնորը եւ, երբ արձանագրել է, որ Սահակաշվիլին ձեռք է բերում այսպես ասած ամբողջատիրական հատկանիշներ, նրան փոխանցել է՝ որ ուժ է ստեղծելու եւ իշխանությունը վերցնելու է նրանից:
Սրանք քաղաքականության բավականին բարդ շերտերն են, որոնք գուցե դժվարամարս են տեղեկատվության այսպես ասած սովորական սպառողների համար, որոնք քաղաքականությանը հետեւել ու հետեւում են առանց դետալային բծախնդրության եւ ուշադրության:
Բայց, ովքեր շատ, թե քիչ տիրապետում են Սահակաշվիլու նախագահության շրջանին, գիտեն, որ այո՝ նրա նախագահության շրջանում Վրաստանը կերպափոխվվեց ամբողջությամբ, արդիականացվեց զգալիորեն, բայց ինքը կառավարող համակաևգը մեղմ ասած որեւէ կերպ ավելի դեմոկրատական չէր, քան այն համակարգը, որ կա այսօր Վրաստանում:
Ինչ վերաբերում է եվրոպական ինտեգրացիային, ապա Վրաստանը ոչ թե հրաժարվում է այդ ինտեգրացիայից, այլ պարզապես հրաժարվում է ինտեգրացիայի այն գնից, որն առաջարկվում է: Եվ դա լոկ Ռուսաստանի հետ կոնֆլիկտային հարաբերակցությունը չէ:
Գինն ունի նաեւ այլ՝ վրացիների համար զգայուն մեկ այլ, եւ նույնիսկ գուցե գերզգայուն մի բաղադրիչ՝ դավանա-քաղաքական ինքնություն: Վրաստանն ասում է, որ չի ուզում Եվրոպայի մաս դառնալ իր դավանա-քաղաքական ինքնության հաշվին:
Ընդ որում, այդ դիմադրությունը կա նաեւ հենց Եվրոպայի ներսում՝ միասնական ինտեգրված եվրոպա ժողովուրդների ու պետությունների դավանա-քաղաքական ինքնությունը ուլտրաազատական «ինքնությանը» ստորադասելու՞, թե՞ ինքնությունների համադրության բանաձեւի վրա կառուցված միասնական ինտեգրված Եվրոպա:
Հենց դա է նաեւ պատճառը, որ եվրոպական շատ հասարակություններում, ըստ էության երկրների մեծամասնությունում վերելք են ապրում աջ տրամադրությունները, հանրային ավելի շատ ձայնի են արժանանում աջ ուժերը:
Այլ կերպ ասած, դարձյալ գալով նախորդ գրառումներում շոշափածս մտքին՝ Վրաստանում հարցը բոլորովին «Եվրոպա, թե Եվրոպայից շեղում» հարթությունում չէ: Վրաստանը Եվրոպա է: Վրաստանում հարցը՝ «ինչպիսի՞ Եվրոպա» է: Եվ, հենց այդ հարցով է նաեւ Վրաստանը Եվրոպա, որովհետեւ այդ մեծ հարցադրումը այսօր բնորոշ է հենց եվրոպական օրակարգին:🇦🇲🇬🇪

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով