Եվրախորհրդարանը պահանջում է հայ ռազմագերիների ազատ արձակում և պատժամիջոցներ Ադրբ…

Եվրախորհրդարանը պահանջում է հայ ռազմագերիների ազատ արձակում և պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ
Մարտի 12-ին Եվրոպական խորհրդարանը քննարկեց Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիների նկատմամբ շինծու դատավարությունների վերաբերյալ բանաձևը։
Ադրբեջանի ռեժիմի դեմ խիստ քննադատություն
Հայաստանի հարցերով զեկուցող Միրիամ Լեքսմանն իր ելույթում ընդգծեց, որ Ադրբեջանը խախտում է միջազգային պարտավորությունները, իսկ Բաքվում ընթացող դատավարությունները ցույց են տալիս Ալիևի ռեժիմի բռնապետական բնույթը։ Նա քննադատեց ԵՄ-ին՝ Բաքվի հետ ռազմավարական գործընկերության պատրանք ստեղծելու համար՝ նշելով, որ ժամանակն է գործել ԵՄ արժեքների համաձայն։
Բանաձևի համահեղինակ Վասիլե Դինկուն շեշտեց, որ հայ ռազմագերիների հարցը Կովկասում արդարության և խաղաղության կարևորագույն փորձաքարն է։ Նա պահանջեց խիստ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք ներգրավված են դատական բռնությունների մեջ։
Եվրոպան պետք է գործի՝ ըստ իր արժեքների
Պատգամավոր Նատալի Լուազոն դատապարտեց Բաքվի դատավարությունները՝ համեմատելով դրանք ստալինյան բռնաճնշումների հետ։ Նա ընդգծեց, որ գերիների միակ «մեղքը» հայ լինելն է։ Լուազոն նաև կոչ արեց ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներին վերջապես լսել և գործել՝ Հայաստանի ինքնիշխանության ու մարդու իրավունքների պաշտպանության համար։
Քննարկմանը ելույթ ունեցան քաղաքական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները՝ միաձայն ընդգծելով, որ ԵՄ-ն պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին և դադարեցնի Բաքվի ռեժիմին խրախուսող քաղաքականությունը։
Եվրամիության պաշտոնական դիրքորոշումը
Եվրոպական հանձնաժողովի հանձնակատար Դան Յորգենսենը հայտարարեց, որ ԵՄ-ն ուշադիր հետևում է Բաքվում ընթացող դատավարություններին և մտահոգված է մարդու իրավունքների խախտումներով։ Նա շեշտեց, որ ԵՄ-ն կշարունակի պահանջել, որպեսզի Ադրբեջանը կատարի իր միջազգային պարտավորությունները, ապահովի արդար դատաքննության իրավունքը և դադարեցնի անմարդկային վերաբերմունքը գերիների նկատմամբ։
Բանաձևը քվեարկության կդրվի մարտի 13-ին, ինչը որոշիչ քայլ կլինի Ադրբեջանի նկատմամբ ԵՄ-ի հետագա դիրքորոշման համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով