Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել, թե ինչպես է ՆԱՏՕ Միջազ…

💥 Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել, թե ինչպես է ՆԱՏՕ Միջազգային ռազմական շտաբի տնօրեն, գեներալ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունն այցելել Բաքվի այսպես կոչված ռազմավարի պուրակ:
Ինչպես հայտնի է, Ադրբեջանն այնտեղ ցուցադրում է 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական զինուժից խլված սպառազինությունն ու տեխնիկան:
Պատկերացնում եք թերեւս, թե ինչ կլիներ Հայաստանում, եթե այդ այսպես կոչված ռազմավարի պուրակ այցելեր որեւէ ռուսական պատվիրակություն, որեւէ ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյա: Թերեւս չկա նկարագրելու կարիք:
Իսկ արդյո՞ք հավասարապես նույն արձագանքը կլինի ՆԱՏՕ բարձրաստիճան զինվորականի այցի պարագայում: Վստահաբար՝ ոչ: Որովհետեւ այդ արձագանքները իրենց գերակշռող մասով, ոչ ամբողջապես անշուշտ, բայց գերակշռող մասով պայմանավորված են լինում քարոզչա-քաղաքական նարատիվներով:
Մինչդեռ, դա իհարկե Հայաստանի դժբախտություններից մեկն է, երբ կարեւոր հանրային ու օետական ռեակցիաները, որ պետք է լինեն բոլորի պարագայում, «բաժանվում» են ըստ նարատիվների, ըստ քաղաքական կամ աշխարհաքաղաքական կոնյուկտուրայի:
Մինչդեռ, ցանկացած պատվիրակության այց ռազմավարի պուրակ, պետք է արժանանա Հայաստանի հանրային պարսավանքի, այցելողը կլինի ռուսական պատվիրակություն, թե ՆԱՏՕ-ական, թե ամերիկյան, թե որեւէ այլ:
Ընդ որում, առավել վատ է այն, որ ՆԱՏՕ Միջազգային ռազմական շտաբի պետ Յանուշ Ադամչակը Բաքու այցից առաջ եղել է Երեւանում: Երբ Երեւանից հետո կարճ ժամանակ անց Բաքու այցելող ՆԱՏՕ պաշտոնյան իրեն թույլ է տալիս այցելել այսպես ասած ռազմավարի պուրակ, սա իհարկե անուղղակի, սակայն խիստ թափանցիկ ու դիպուկ ցուցիչ է, թե ինչ դիվանագիտական արդյունավետությամբ կամ տվյալ պարագայում՝ անարդյունավետությամբ է նրա հետ հարաբերվել Երեւանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով