🔥 Մի էսպիսի «պարզունակ վարժություն»:
Որքա՞ն փակ երկիր է Իրանը: Այդ փակ երկիր ներթափանցել են մի շարք հատուկ ծառայություններ, իրենց գործակալական ցանցերը ձեւավորել, որոնք էլ աշխատում են ամեն մի պատեհ առիթով: Այն, ինչ տեղի է ունենում Իրանում, իհարկե մեկնարկել է սոցիալական դժգոհությունից, բայց այն ծավալվում է գործակալական ցանցերի հմուտ գործադրմամբ:
Հիմա պատկերացրեք, եթե կա այդ աստիճանի ներթափանցում Իրանում՝ փակ Իրանում, ի՞նչ պատկեր է «բաց» Հայաստանում: Եվ առավել եւս վերջին տարիներին, երբ ակնհայտ է, աղաղակող է Հայաստանում անվտանգային այդ սեգմմենտը ապոհովող կառույցների դե ֆակտո ապամոնտաժումը, եւ առավել եւս ընդհանրապես պետական-իրավապահ համակարգի մեղմ ասած խիստ անարդյունավետ աշխատանքը:
Տեխնոլոգիաների հարցում կարծում եմ որեւէ կասկած չկա, որ ընդամենը այսպես ասած՝ «տեխնիկայի» հարց է: Բոլորն էլ տիրապետում են ահռելի ռեսուրսների, հնարքների, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են գործի դրվել շատ դինամիկ ռեժիմում:
Սա շատ լուրջ հարց է, շատ լուրջ հարց: Իհարկե սրա մասին հանրային խոսակցությունը պահանջում է շատ նրբություն ու զգուշություն, որպեսզի չվերածվի հանրության կամքի ջլատման, որպեսզի հանրությունը իրեն չընկալի անհույս մի ցանցում, մտածելով, որ վերածվել է ընդամենը աշխարհի չորս քամիների ձեռքին ինչ որ գործիքի:
Բայց, խնդրի ընկալումը շատ կարեւոր է, որպեսզի զգալիորեն բարձրանա նաեւ ցանցային մանիպուլյացիաներից զերծ մնալու գործակիցը:
Մինչդեռ Հայաստանի դեպքում իրավիճակը առավել խրթին է նաեւ նրանով, որ պետական կառավարման ղեկին գտնվող ուժը իր քաղաքական կենսունակությունն ու դիրքը պահպանելու միջոց դիտարկում է հենց այդ միջավայրը, եւ երկրում «խաչվում» են ամենատարբեր հատուկ ծառայություններ եւ դրանց «բախման» ալիքն է «բարձր» պահում կառավարող ուժին իր իշխանական դիրքում:
Համեմատություններում հաճախ են Հայաստանը այսպես ասած դիտարկում «սիրիականացման» ռիսկով: Գործնականում, կարծում եմ, որ Հայաստանը շատ վաղուց ենթարկված է պայմանական ասած՝ «լիբանանյան ռիսկի»: Պետություն, որն ինքնին ավելի շուտ ցուցանակ է եւ ռեգիոնալ քաղաքականության հարցում աշխարհաքաղաքական խոշոր սուբյեկտների հատուկ ծառայությունների գործունեության «խոպան»: