«Ազատության»՝ անանուն մնալ ցանկացող աղբյուրը հաստատում է, որ երեկ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը քնեցված և Կենդանաբանական այգի տեղափոխված 3 առյուծներից մեկը չի արթնացել, անկել է։ Այս լուրը դեռևս պաշտոնապես հաստատված չէ։
Հիշեցնենք, երեկ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել կենդանաբանական այգի։
«Ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է 30 մլն ՀՀ դրամի վնաս»,- եզրակացրել էր Քննչական կոմիտեն։
Այսօրվա միջադեպի վերաբերյալ, սակայն, իրավապահները լուռ են, պաշտոնական պարզաբանում դեռևս չի ներկայացվել։
Մանրամասները՝ «Ազատության» այսօրվա ռեպորտաժում։