Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացրել «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում, որի ղեկավար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության հատկանիշներով։
«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ խուզարկության արդյունքում ԱԱԾ աշխատակիցները գրասենյակից վերցրել են համակարգիչներ, հեռախոսներ, տեխնիկական միջոցներ, վերլուծական նյութեր։
«Հիմա արդեն ուզում են նաև մեր բնակարանը խուզարկել, խուզարկությունը շարունակվելու է բնակարանում»,- ասել է Թևանյանը։
Թևանյանն այդ ամենը որակել է որպես խոչընդոտ իրենց քարոզարշավին։
Նա անհեթեթություն է որակել նաև Քննչական կոմիտեի կողմից իր նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթը։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանն ընդգրկված է առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում։ Նա ցուցակում երկրորդ համարն է՝ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետո։