Author: Suren Surenyants

  • Մարտի 18-ից սկսած՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 22:30-ին, իմ յութուբյան ա…

    Մարտի 18-ից սկսած՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 22:30-ին, իմ յութուբյան ալիքում դիտեք «Գլխավոր իրադարձությունը՝ Սուրեն Սուրենյանցի հետ» անդրադարձը:
    Վստահ եմ, որ կարճ ժամանակում իմ վերլուծությունները և անդրադարձները կդառնան ամենասպասվածը հազարավոր մարդկանց համար:
    Իսկ այսօր ժամը 22:30-ին դիտեք իմ անդրադարձը շաբաթվա գլխավոր իրադարձություններին:

  • Հունիսի 7-ն ընտրության օր չէ, Անկախության հանրաքվե է Ես համարել եմ դա սադրիչ գոր…

    Հունիսի 7-ն ընտրության օր չէ, Անկախության հանրաքվե է
    Ես համարել եմ դա սադրիչ գործողություն և հրահանգել եմ հրաժարականի դիմում գրի․ Փաշինյան
    Փաշինյանն է հրահանգել հրաժարականի դիմում գրել Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրենին, ով ԱՄՆ փոխնախագահ Վենսին նվիրել է Արցախի խնդրի մասին գիրք։
    Փաշինյանն այսօր «սադրիչ» է համարում Հռչակագիրը, ԱՄՆ փոխնախագահ Վենսին Արցախի մասին գիրք նվիրելը:
    Եթե նրա իշխանությունը վերընտրվի, «սադրիչ» են համարվելու Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը, Ցեղասպանության հուշարձանը, մինչև, որ հերթը հասնի Հայաստանի Հանրապետությանը:
    «Արևմտյան Ադրբեջանը» պոզով- պոչով չի լինում, այն արդեն Հայաստանում հաստատվել է՝ կոլոբորանտ իշխանության միջոցով:
    Հունիսի 7-ն ընտրության օր չէ, Անկախության հանրաքվե է՝ հար և նման Սեպտեմբերի 21-ին:
    Տեղամասեր գնալուց սա լավ հիշեք:

  • Ռուբինյանի «առաջարկը»․ քաղաքական սնանկության խոստովանություն ԱԺ փոխնախագահ Ռուբե…

    ❗️❗️❗️Ռուբինյանի «առաջարկը»․ քաղաքական սնանկության խոստովանություն
    ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սոցիալական ցանցում հրապարակած տեսանյութում փորձել է մեկնաբանել Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստանի Հանրապետությանը վերաբերող առաջարկները՝ հայտարարելով, թե այդ մարդիկ չեն կարող որևէ առաջարկ ներկայացնել Հայաստանին։
    Նրա ձևակերպմամբ՝ նրանք կարող են առաջարկներ անել այլ երկրներին, բայց ոչ Հայաստանի Հանրապետությանը։
    Ռուբինյանի հայտարարությունը կարևոր բան է բացահայտում՝ իշխանության քաղաքական փաստարկների ակնհայտ սնանկությունը։ Երբ իշխանությունը չի կարողանում ընդդիմության քննադատություններին պատասխանել բովանդակային փաստարկներով, քաղաքական բանավեճը փոխարինվում է պիտակավորմամբ, իսկ քաղաքական մրցակիցները ներկայացվում են որպես օտար շահերի կրողներ։
    Ռուբինյանի խոսքում հենց այս տրամաբանությունն է գերակշռում։ Փոխարենը քննարկվի ընդդիմադիր գործիչների առաջարկների բովանդակությունը, դրանց քաղաքական նպատակահարմարությունը կամ հնարավոր հետևանքները, ամբողջ ուշադրությունը տեղափոխվում է նրանց անձնական կենսագրությունների, կապերի կամ ունեցվածքի վրա։ Սա քաղաքական քննարկման մակարդակի իջեցում է ՔՊ-ական «բեսեդկի» մակարդակի:
    Խայտառակություն է, երբ ընդդիմությանը «օտար ազդեցությունների» հետ կապելու փորձ է անում այն իշխանության ներկայացուցիչը, որի վարած քաղաքական գիծը վերջին տարիներին մշտապես համընկել է Ադրբեջանի ռազմաքաղաքական շահերի հետ։ Այս պայմաններում ընդդիմությանը արտաքին ազդեցությունների մեջ մեղադրելը ոչ թե փաստարկված քննադատություն է, այլ ներքաղաքական էժան քարոզչական հնարք: Ալիևի «իդեալական վասալները» չեն կարող այլոց մեղադրել օտարին ծառայելու մեջ:
    Ռուբինյանի հայտարարության ամենախնդրահարույց հատվածը, սակայն, նրա վերջին նախադասությունն է․ «չընդունեն էլ՝ այնպես կանենք, որ ընդունեն»։ Սա իշխանական ավտորիտար մտածողության բացահայտ դրսևորում է, ըստ որի քաղաքական հակառակորդին պետք չէ համոզել փաստարկներով, նրան կարելի է «ստիպել» ընդունել իշխանության թելադրանքը։
    Երբ երկրի խորհրդարանի փոխնախագահը ընդդիմության հասցեին խոսում է սպառնալիքի լեզվով, դա ակամայից հաստատում է այն մտահոգությունը, որ իշխանությունը քաղաքական մրցակիցներին դիտում է ոչ թե որպես օրինական հակառակորդներ, այլ որպես ճնշման ենթակա թիրախ։
    Միաժամանակ այս հայտարարությունը պետք է դիտարկել նաև ներիշխանական գործընթացների համատեքստում։ Այսօր ակնհայտ է, որ իշխանության ներսում աճում է մրցակցությունը քաղաքական ազդեցության և ապագա դիրքերի համար։ Նման իրավիճակներում համակարգի ներկայացուցիչները հաճախ փորձում են առավել ցինիկ և ցուցադրական հայտարարություններով ցույց տալ իրենց հավատարմությունը Նիկոլ Փաշինյանին։
    Սակայն քաղաքական փորձը ցույց է տալիս, որ նման մարտավարությունը հազվադեպ է երկարաժամկետ արդյունք տալիս։ Երբ իշխանության հանրային վստահությունը սկսում է նվազել, համակարգի ամենաաղմկոտ պաշտպանները հաճախ հայտնվում են ոչ թե քաղաքական վերելքի, այլ քաղաքական պատասխանատվության վտանգի առաջ՝ «ուղղիչ աշխատանքային գաղութներում»։
    Ռուբինյանի «առաջարկը» հենց այդ իրավիճակի բնորոշ դրսևորումներից մեկն է։ Այն ոչ թե ուժեղ քաղաքական դիրքորոշման արտահայտություն է, այլ իշխանության նյարդային արձագանքը աճող քննադատությանը։ Իսկ քաղաքականության մեջ սպառնալիքի լեզուն սովորաբար ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ փաստարկներն արդեն սպառված են։

  • Եվրոպական ամբիոնից՝ սեփական ժողովրդի դեմ Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի…

    ⚡️⚡️⚡️Եվրոպական ամբիոնից՝ սեփական ժողովրդի դեմ
    Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթը դժվար է ընկալել որպես ինքնիշխան պետության ղեկավարի պատասխանատու խոսք։ Այն ավելի շատ հիշեցնում էր ներքաղաքական հաշվեհարդարի փորձ՝ տեղափոխված միջազգային հեղինակավոր հարթակ։
    Փոխարենը ներկայացնելու Հայաստանի պետական շահերը, անվտանգության մարտահրավերներն ու տարածաշրջանային իրողությունները, Փաշինյանը եվրոպական ամբիոնը օգտագործեց սեփական ընդդիմախոսներին պիտակավորելու համար։
    Փաշինյանը Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչներին և իշխանության ընդդիմախոսներին ներկայացրեց որպես «պատերազմի կուսակցություն»՝ փորձելով նրանց կապել արտաքին ուժերի հետ և նրանց վերագրել Հայաստանի անկախությունը զոհաբերելու պատրաստակամություն։ Իրականում սա ոչ թե քաղաքական գնահատական էր, այլ քաղաքական պիտակավորում՝ ուղղված սեփական ընդդիմախոսներին միջազգային լսարանի առաջ վարկաբեկելուն։
    Երբ երկրի ղեկավարը միջազգային հեղինակավոր ամբիոնից սեփական հասարակության մի հատվածին ներկայացնում է որպես վտանգավոր ուժ կամ արտաքին ազդեցության գործիք, նա փաստացի իր երկրի ներքաղաքական հակամարտությունը տեղափոխում է արտաքին հարթակ։ Այդպիսի քայլը ոչ թե ուժեղացնում է պետությունը, այլ ցույց է տալիս իշխանության քաղաքական թուլությունն ու անվստահությունը սեփական հասարակության նկատմամբ։
    Փաշինյանի ելույթում ակնհայտ էր նաև մեկ այլ նպատակ։ Նա փորձեց Հայաստանի քաղաքական դաշտը ներկայացնել որպես աշխարհաքաղաքական դիմակայություն՝ իշխանությանը հակադրելով իբր «ռուսամետ պատերազմի կուսակցությանը»։ Այս նարատիվը վաղուց է օգտագործվում ներքաղաքական պայքարում, սակայն երբ այն հնչում է եվրոպական ամբիոնից, այն ձեռք է բերում բոլորովին այլ իմաստ։ Դա ավելի շատ հիշեցնում է հաշվետվություն արևմտյան հովանավորներին, քան ինքնիշխան պետության ղեկավարի ելույթ։
    Փաստորեն, Փաշինյանը եվրոպական լսարանին փորձում էր համոզել, որ Հայաստանում գոյություն ունի քաղաքական ընդդիմություն, որը պետք է չեզոքացվի։ Այլ կերպ ասած՝ Հայաստանի ներքաղաքական պայքարը ներկայացվում է որպես աշխարհաքաղաքական պայքար, որտեղ իշխանության ընդդիմախոսները հայտարարվում են «պատերազմի կողմնակիցներ» կամ «արտաքին ուժերի ազդեցության գործակալներ»։ Սա վտանգավոր և անպատասխանատու քաղաքականություն է, որը ոչ միայն խորացնում է հասարակական բևեռացումը, այլ նաև արտաքին ուժերին ներգրավում է Հայաստանի ներքին քաղաքական հակամարտության մեջ։
    Երբ երկրի ղեկավարը միջազգային ամբիոնից վարկաբեկում է սեփական ընդդիմախոսներին և նույնիսկ ազգային հիմնարար ինստիտուտներից մեկը՝ եկեղեցին, դա ոչ թե ուժեղ պետության նշան է, այլ իշխանության քաղաքական ճգնաժամի բացահայտ դրսևորում։ Այդպիսի պահվածքը ցույց է տալիս, որ Փաշինյանը փորձում է արևմտյան կենտրոններից ստանալ Հայաստանի ներսում ռեպրեսիաներ իրականացնելու լեգիտիմություն, «կանաչ լույս»։
    Հունիսի 7-ը դառնում է ոչ միայն հերթական ընտրության օր, այլ հանրային դատավճիռ այն քաղաքականությանը, որի արդյունքում Հայաստանը աստիճանաբար կորցնում է իր ինքնուրույնությունն ու քաղաքական սուբյեկտությունը միջազգային հարաբերություններում։ Այդ օրը քաղաքացիները փաստացի որոշելու են՝ Հայաստանը շարունակելո՞ւ է շարժվել արտաքին կենտրոնների հաշվարկներին ենթարկված իշխանության ճանապարհով, թե՞ ընտրելու է ինքնիշխան, արժանապատիվ և անկախ պետական զարգացման ուղին, մենք ընտրելո՞ւ ենք Հայաստանի հանրապետություն մնալու, թե «Արևմտյան Ադրբեջան» դառնալու անփառունակ ճանապարհը:

  • Եթե արտաքին քաղաքականությունը կառուցվել է սխալ աշխարհաքաղաքական հաշվարկների վրա …

    Եթե արտաքին քաղաքականությունը կառուցվել է սխալ աշխարհաքաղաքական հաշվարկների վրա և եթե այդ հաշվարկները այսօր ակնհայտորեն բախվում են տարածաշրջանային նոր իրականությանը, ապա այդ սխալների քաղաքական հետևանքները անխուսափելիորեն արտահայտվելու են նաև ներքաղաքական գործընթացներում։
    Ուստի առաջիկա ընտրությունները կարող են դառնալ հանրային արձագանք Փաշինյանի ռազմավարական սխալ հաշվարկներին, որոնք այսօր ավելի ակնհայտ են դառնում տարածաշրջանային արագ փոփոխվող իրականության պայմաններում։
    Այս առումով՝ Փաշինյանի իշխանության հեռացումը կարող է արտաքին քաղաքական շանս դառնալ Հայաստանի համար:

  • TRIPP-ի փուչիկը պայթում է, Փաշինյանի հաշվարկը՝ նույնպեսՄերձավոր Արևելքում ծավալվ…

    ⚡️⚡️⚡️TRIPP-ի փուչիկը պայթում է, Փաշինյանի հաշվարկը՝ նույնպես
    Մերձավոր Արևելքում ծավալվող ռազմական զարգացումները ոչ միայն փոխում են տարածաշրջանային ուժերի հարաբերակցությունը, այլ նաև փլուզում են քաղաքական այն նարատիվները, որոնք վերջին տարիներին ներկայացվում էին որպես տարածաշրջանի անխուսափելի ապագա։ Այդ նարատիվներից մեկը Հայաստանում կառուցվել էր «խաղաղության դարաշրջանի» գաղափարի շուրջ, որի տնտեսական և քաղաքական հիմնավորումը ներկայացվում էր օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների և TRIPP նախագծի միջոցով։
    Այս քննարկումների ֆոնին ուշագրավ են Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանի գնահատականները, որոնք նա հնչեցրել է «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում։ Գրիգորյանի կարծիքով՝ ԱՄՆ-Իսրայել տանդեմը ռազմավարական առումով տանուլ է տալիս Իրանի դեմ պատերազմը, և նրանց հնարավորությունները սահմանափակվում են առավելագույնը իրանական քաղաքների լայնածավալ բարբարոսական ռմբակոծությամբ կամ նույնիսկ միջուկային սպառնալիքով։ Այս գնահատականն ընդգծում է մեկ կարևոր իրողություն՝ տարածաշրջանը մտնում է երկարատև և վտանգավոր անկայունության փուլ։
    Երբ տարածաշրջանը տեղափոխվում է ուժային մրցակցության տրամաբանության մեջ, երկրորդ պլան են մղվում տնտեսական նախագծերը և հաղորդակցային միջանցքների շուրջ կառուցված ռազմավարությունները։ Առաջնային են դառնում անվտանգային հաշվարկները, ուժերի հարաբերակցությունը և մեծ տերությունների մրցակցությունը։
    Այս համատեքստում անխուսափելիորեն հարցականի տակ է հայտնվում նաև TRIPP-ի նախագիծը, որը վերջին ամիսներին ներկայացվում էր որպես տարածաշրջանի տնտեսական անվտանգային ապագայի առանցքային նախաձեռնություններից մեկը։ Իրանի շուրջ ստեղծված ռազմական լարվածությունը փաստացի մղել է այս նախագիծը անորոշության և մշուշի մեջ։ Այն, ինչ ներկայացվում էր որպես տարածաշրջանային համագործակցության և տնտեսական ինտեգրման հեռանկար, այժմ կախված է ռազմական էսկալացիայի, մեծ տերությունների մրցակցության և աշխարհաքաղաքական վերադասավորումների տրամաբանությունից։
    Սակայն խնդիրը միայն մեկ նախագծի ճակատագիրը չէ։ Խնդիրը շատ ավելի խորն է և վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքական հաշվարկների տրամաբանությանը։ Վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը իր արտաքին քաղաքականությունն ու ռազմավարական հաշվարկները կառուցել էր այն ենթադրության վրա, որ տարածաշրջանը շարժվում է դեպի կայունացում, և որ արևմտյան քաղաքական ու տնտեսական նախաձեռնությունները կարող են դառնալ Հայաստանի անվտանգության և զարգացման հիմնական հենարանը։
    Փաստացի իշխանությունը իր բոլոր խաղադրույքները դրել էր արևմտյան ուղղության վրա՝ փորձելով Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցել միակողմանի աշխարհաքաղաքական վեկտորի վրա։ Այս քաղաքականությունը ներկայացվում էր որպես խաղաղության և զարգացման միակ ճանապարհը՝ ենթադրելով, որ արևմտյան աջակցությունը և տնտեսական նախագծերը կարող են փոխարինել ավանդական անվտանգային հավասարակշռությանը։
    Սակայն Իրանի շուրջ զարգացող իրադարձությունները ցույց են տալիս, թե որքան փխրուն կարող են լինել նման հաշվարկները։ Տարածաշրջանը մտնում է մեծ տերությունների մրցակցության և ուժային քաղաքականության նոր փուլ, որտեղ աշխարհաքաղաքական հավասարակշռությունը կարող է արագ փոխվել։
    Այս պայմաններում առավել տեսանելի է դառնում այն ռիսկը, որը ստեղծվում է, երբ պետությունը իր ամբողջ ռազմավարությունը կառուցում է մեկ աշխարհաքաղաքական ուղղության վրա։ Երբ բոլոր խաղադրույքները դրվում են մեկ կենտրոնի վրա, ցանկացած արտաքին ցնցում կարող է ոչ միայն խարխլել այդ ռազմավարությունը, այլ նաև ստեղծել նոր անվտանգային և քաղաքական խնդիրներ։
    Փոքր պետությունների համար արտաքին քաղաքականության դասական կանոններից մեկը միշտ եղել է հավասարակշռության քաղաքականությունը՝ տարբեր ուժային կենտրոնների միջև հարաբերությունների պահպանման միջոցով։ Երբ այդ հավասարակշռությունը խախտվում է և արտաքին քաղաքականությունը դառնում է միակողմանի, պետությունը դառնում է ավելի խոցելի արտաքին ճգնաժամերի և աշխարհաքաղաքական փոփոխությունների նկատմամբ։
    Այս ֆոնին հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները ստանում են լրացուցիչ քաղաքական նշանակություն։ Դրանք դառնում են նաև գնահատական այն լուզեր ռազմավարական ուղղությանը, որը վերջին տարիներին ձևավորել է Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը։
    Շարունակվությունը՝ ներքևում

  • Սիրելի՛ կանայք,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առ…

    Սիրելի՛ կանայք,
    Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ։ 🌷
    Այս օրը գեղեցիկ առիթ է՝ շնորհակալություն հայտնելու ձեր սիրո, հոգատարության և այն ուժի համար, որով դուք պահում եք ընտանիքները, դաստիարակում սերունդներ և ջերմություն եք բերում մեր հասարակական կյանք։
    Կինը կյանքի շարունակության խորհրդանիշն է, արժանապատվության, համբերության և խոհեմության մարմնավորում։ Ձեր ներկայությունը մեր աշխարհը դարձնում է ավելի մարդասիրական, ավելի բարի և ավելի հավասարակշռված։
    Թող ձեր կյանքում միշտ շատ լինեն սեր, հարգանք, առողջություն և խաղաղություն։ Թող ձեր երազանքները իրականանան, իսկ ձեր ժպիտը միշտ լուսավորի մեր օրերը։
    Շնորհավոր Մարտի 8։ 🌹

  • Հունիսի 7․ «հեղափոխության» շարունակությո՞ւն, թե իշխանության դատավճիռ Գյումրիում …

    ❗️❗️❗️Հունիսի 7․ «հեղափոխության» շարունակությո՞ւն, թե իշխանության դատավճիռ
    Գյումրիում անցկացված ներկուսակցական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում տեղի է ունենալու «Հեղափոխություն 3»։ Նրա մեկնաբանությամբ՝ 2018 թվականի ընտրություններով տեղի ունեցավ ներքաղաքական հեղափոխություն, 2021 թվականի ընտրություններով ժողովուրդը հաստատեց սոցիալ-հոգեբանական և մտածողության փոփոխությունը, իսկ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները պետք է դառնան պատմաքաղաքական հեղափոխություն, որը Հայաստանը կբերի «գոյատևման քաղաքականությունից» դեպի «զարգացման հարատև պետության» փուլ։
    Միաժամանակ Փաշինյանն իր թիմի համար սահմանել է նաև կոնկրետ քաղաքական նպատակ՝ 65 տոկոսի արդյունքի նշաձող։
    Եթե վերջին տարիների քաղաքական գործընթացները դիտարկենք ոչ թե իշխանության ներկայացրած նարատիվով, այլ դրանց իրական հետևանքների տրամաբանությամբ, ապա պատկերը էականորեն փոխվում է։
    2018 թ-ի իշխանափոխությունը ավարտվեց Հայաստանի համար ամենածանր անվտանգային ճգնաժամով՝ 44-օրյա պատերազմով և դրա հետևանքով արձանագրված ծանր պարտությամբ։ 2021 թ-ի արտահերթ ընտրություններում նույն իշխանության վերարտադրությունը տեղի ունեցավ արդեն պատերազմից հետո և հանգեցրեց Արցախի կորստին։
    Այս տրամաբանության շարունակության դեպքում 2026 թ-ի ընտրություններում կոնին դրված է Հայաստանի ճակատագիրը:
    Հատկանշական է նաև Փաշինյանի կողմից հրապարակային հնչեցված 65 տոկոսի նշաձողը։ Նման բարձր արդյունքի մասին հայտարարությունները հաճախ կիրառվում են որպես քարոզչական տեխնոլոգիա՝ սեփական կողմնակիցներին մոբիլիզացնելու և «անխուսափելի հաղթանակի» մթնոլորտ ձևավորելու նպատակով։ Սակայն ներկայումս հրապարակված որևէ սոցիոլոգիական ուսումնասիրություն չի հուշում, որ գործող իշխանությունը կարող է ստանալ նման արդյունք, առավել ևս՝ 65 տոկոս։
    Այս պայմաններում նման թվի հրապարակային շրջանառությունը կարող է ընկալվել որպես նախապես ձևակերպված քաղաքական պատվեր, որը հետագայում փորձ է արվելու ներկայացնել որպես ընտրությունների արդյունք։
    Առաջիկա ընտրությունների իրական ինտրիգը, սակայն, կարող է պայմանավորված լինել մեկ այլ կարևոր գործոնով՝ ընտրողների մասնակցությամբ։ Քաղաքական փորձը ցույց է տալիս, որ վարչական ռեսուրսը առավել արդյունավետ է գործում հատկապես ցածր մասնակցության պայմաններում։ Մինչդեռ բարձր մասնակցությունը նվազեցնում է այդ ազդեցությունը և ավելի մեծ դեր է տալիս քաղաքացիների իրական ընտրությանը։
    Եթե հունիսի 7-ին ընտրատեղամասեր գնա ավելի քան 1 միլիոն 300 հազար ընտրող կամ ընտրողների շուրջ 55 տոկոսը, ապա ընտրությունների արդյունքը մեծապես կախված կլինի ոչ թե իշխանության վարչական լծակներից, այլ հասարակության իրական քաղաքական որոշումից։
    Այդ դեպքում հունիսի 7-ը կարող է դառնալ ոչ թե հերթական «հեղափոխության» մասին հայտարարությունների, այլ իշխանության նկատմամբ հանրային դատավճռի օր։
    Ընտրությունների իրական ինտրիգն այն է, թե քանի քաղաքացի կհասնի ընտրատեղամաս և կարտահայտի իր քաղաքական կամքը։
    Եվ հենց այդ ընտրությունն է որոշելու՝ հունիսի 7-ը լինելու է «հեղափոխության» շարունակությո՞ւն, թե՞ իշխանության դատավճիռ։

  • Հարցազրույց Հ2-ինhttps://youtu.be/gxqhKoWEUiY?si=dSy-rQIbL9_Q8KzTՀլա հարց ա ով հ…

    Հլա հարց ա ով հաստ բանի ռաստ կգա, Թրիփը այլևս ակտուալ չէ. Սուրեն Սուրենյանց /// ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ

    Շավարշ Գևորգյանի հյուրն է՝ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը
    #ԽոսքիԻրավունք
    Հայկական երկրորդ հեռուստաալիք — http://tv.am/
    YouTube — https://www.youtube/armh2
    Facebook — https://www.facebook.com/armh2
    Instagram – https://w…