🔥 Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում շնորհակալություն է հայտնում Պուտինին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությանն աջակցելու համար: Հետո ասում, որ օգոստոսի 8-ի համաձայնությունը նոր հնարավորություն է բացել հայ-ռուսական հարաբերության համար:
Իսկ հիշու՞մ եք, թե օգոստոսի 8-ից հետո քանի՞ անգամ են տարատեսակ խմբեր, անհատներ, ուժեր, ձեր «գլուխը տարել» այն հավաստիացումով, թե օգոստոսի 8-ի Հայաստանը Ռուսաստանից ազատելու ինչ ֆունդամենտալ մի քայլ էր: Ավելին, այդ «ավետաբերների» մի զգալի մասը պարզապես համեստությունից ելնելով էին վարանում ասել, որ անձնապես իրենք են նպաստել, որ Թրամպը անի իր քայլը:
«Եվ ինչպես մենք քննարկել ենք օգոստոսի 8-ից հետո մեր հեռախոսազրույցում, ձեռք բերված խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար, և դա արդեն տեղի է ունեցել, քանի որ գնացքներն արդեն տարանցիկ ճանապարհով անցնում են Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանով»: Սրանք Նիկոլ Փաշինյանի խոսքերն են, ուղղված ՌԴ նախագահ Պուտինի:
Ես այս մասին խոսում եմ ավելի քան երկու տարի, բացատրելով, թե ինչ է տեղի ունենում հայ-ռուսական հարաբերությունում, թե ինչ տրանսֆորմացիա է ապրում այդ հարաբերությունը, ինչ «իմաստ» ունի այդ տրանսֆորմացիայի շիրում Նիկոլ Փաշինյանի «եվրաինտեգրման» քաղաքականությունը:
Ես, հարգելի հետեւորդներ, ընթերցողներ, ունկընդիրներ, ձեզ հետ չեմ խոսում այն կատեգորիայով, թե Փաշինյանը գնում է Եվրոպա ու խաբում եւ ձեւանում եվրոպամետ, իրականում լինելով «պուտինամետ»:
Ես փորձում եմ բացատրել իրավիճակը շահերով, մոտիվներով, հարգելի հետեւորդներ: Ծիծաղելի է մտածել, թե Փաշինյանը կարող է խաբել Պուտինին կամ Եվրամիությանը, կամ Թրամպին: Խաբում են ձեզ, հարգելի ընթերցողներ, խաբում են ներքին հակառուսական եւ այսպես կոչված եվրոպամետ կացնային քարոզներով ու օրակարգերով: Խաբում են ձեզ՝ Հայաստանի քաղաքացիներին, սառնասրտորեն իրենց շահութաբեր խաղը խաղալով հանրային էմոցիաների դաշտում: