Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն առաջիկա Եվրոպայի առաջնությանը հավաքականը ներկայացնում է երիտասարդացված կազմով:
«Եվրոպայի առաջնությունից առաջ մենք անցել ենք նախապատրաստական փուլեր` հավաքներ ու միջազգային մրցաշարեր, որոնք անցնել են շատ նորմալ: Նորմալ վիճակում ենք մոտենում մրցաշարին` Եվրոպայի առաջնությանը: Հիմա արդեն մրցաշարի ժամանակ կտեսնենք, թե ով, ինչպես իր գիտելիքները կարող է դրսևորել մրցագորգում: Երիտասարդներին փորձի հնարավորություն ենք տալիս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Բաբալարյանը:
Վերջինիս խոսքով` Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի միայն առաջիկա Եվրոպայի առաջնությունը, քանի որ նոր է վիրահատությունից վերականգնվում: