ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները խորն են և չեն կարող դրվել հարցականի տակ՝ միաժամանակ նշելով, որ Հայաստանը ներկայում փորձում է համատեղել ԵԱՏՄ և Եվրամիության հետ համագործակցության օրակարգերը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Փաշինյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով։
«Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները շատ խորն են և շատ կարևոր են մեզ համար»,- ասել է նա։
Վարչապետի խոսքով՝ տարածաշրջանում նոր իրողությունների պայմաններում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն, այդ գործընթացը դրական ազդեցություն է ունենում նաև հայ-ռուսական հարաբերությունների վրա։
Փաշինյանը նաև ընդգծել է տնտեսական համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ գործում է երկաթուղային կապ Ռուսաստանի հետ՝ Ադրբեջանի տարածքով։
«Մենք ներմուծումներ ենք իրականացնում Ռուսաստանից, և հուսով եմ՝ մոտ ապագայում նաև կարտահանենք»,- ասել է նա։