Ղարաբաղի բնակչության վերադարձը որպես պետական նպատակ ձևակերպելը նշանակում է վերածնել հայ-ադրբեջանական հակամարտության տրամաբանությունը։ Այս կարծիքն Ազգային ժողովի նիստում հայտնեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավորների ելույթներին։
Ռուբինյանն արձագանքեց պատգամավոր Քրիստինա Վարդանյանի այն դիտարկմանը, որ ստորագրված փաստաթղթում անդրադարձ չկա հակամարտությունը ծնող պատճառներին։
«Եկեք քննարկենք՝ որո՞նք են հայ-ադրբեջանական կոնֆլիկտը ծնող պատճառները։ Ես ուզում եմ հիշեցնել, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը 1988 թվականին չի սկսվել։ Կարծում եմ՝ կա պատմագիտական կոնսենսուս, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, որը տևել է մինչև նախորդ տարվա օգոստոսի 8-ը, սկսվել է 1905 թվականին։ Այն ժամանակ դա կոչվում էր հայ-թաթարական բախումներ»,- ասաց Ռուբինյանը։
Նրա գնահատմամբ՝ հակամարտության առաջացման հիմնական պատճառներից մեկը նույն աշխարհագրական տարածքում հայերի և ադրբեջանցիների խառը բնակությունն էր։ Իր տեսակետը հիմնավորելու համար Ռուբինյանը հիշատակեց Բոսնիայի, Կիպրոսի, Կոսովոյի և Հյուսիսային Մակեդոնիայի օրինակները՝ նշելով, որ փոքր ու միջին ազգերի միջև հակամարտությունները հաճախ առաջանում են ընդհանուր տարածքում տարբեր էթնիկ խմբերի խառը բնակության պայմաններում։
Որպես երկրորդ պատճառ՝ ԱԺ նախագահը մատնանշեց տարածաշրջանի նկատմամբ կայսրությունների ազդեցությունը։
«Պատահական չէ, որ այդ կոնֆլիկտը սկսվել է այն ժամանակ, երբ Ռուսական կայսրությունը մեծագույն պրոբլեմի մեջ էր՝ մի կողմից հեղափոխություն, մյուս կողմից՝ ռուս-ճապոնական անհաջող պատերազմ։ Շատ տարօրինակ պատահականությամբ այսպիսի կոնֆլիկտները սկսվում են, երբ կայսրությունը պրոբլեմներ ունի, թուլանում է, բայց նաև խնդիր ունի իր ազդեցությունը պահպանելու կոնկրետ տարածաշրջանում»,- ասաց Ռուբինյանը։
Նրա խոսքով՝ 1918 թվականին, երբ Հայաստանն ու Ադրբեջանն անկախացան և կանոնավոր բանակներ ձևավորեցին, հակամարտությունը սրվեց, իսկ խորհրդային կարգերի հաստատումից հետո սառեցվեց։ Ռուբինյանի գնահատմամբ՝ նույն շրջափուլը կրկնվեց 1988 թվականին։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ