ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող ներմուծման սահմանափակումները քաջալերված և խնդրված են Հայաստանի ընդդիմադիր որոշ շրջանակների կողմից։
Նիկոլ Փաշինյանը դա կապել է Հայաստանում իշխանափոխության հասնելու «գաղտնի պլանի» հետ, որի մասին ավելի վաղ խոսել էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո լրագրողների հետ ճեպազրույցներից մեկի ժամանակ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ իրենք իշխանափոխության հասնելու «գաղտնի պլան» ունեն և շարժվելու են այդ պլանով։
ԱԺ-ում Կառավարության ծրագիրը ներկայացնելիս Փաշինյանը խոսել է ՌԴ-ի հետ Հայաստանի հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարության նպատակը Ռուսաստանի հետ փոխշահավետ, բազմաոլորտ համագործակցությանն ուղղված երկխոսությունն է, հավասարակշռված արտաքին քաղաքականությունը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման նոր պայմաններում հարաբերությունների վերափոխումը, զարգացումն ու խորացումը։
«Սա հեշտ գործընթաց չէ, բայց մենք առանց կրքեր բորբոքելու գնալու ենք այս ճանապարհով։ Բայց պետք է ասել ուղիղ՝ ներմուծման այն սահմանափակումները, որոնք Ռուսաստանը կիրառում է Հայաստանի նկատմամբ, քաջալերված և խնդրված են ընդդիմության կողմից, որոնք Ռուսաստանի որոշ շրջանակների առաջ ստանձնել են Հայաստանում իշխանափոխություն անելու հանձնարարություն և այդ շրջանակներին հավաստիացրել, որ սահմանափակումների գործադրումը կերաշխավորի իրենց հաղթանակը հունիսի 7-ի ընտրություններում։
Հայաստանյան այդ նույն շրջանակները հիմա էլ ռուսաստանյան այդ նույն շրջանակներին հավաստիացնում են, որ եթե սահմանափակումները շարունակվեն և ավելի խստացվեն, իրենք փողոցային պայքարով իշխանափոխություն կանեն։ «Գաղտնի պլանը», որի մասին խոսում էր պատերազմի եռագլուխ կուսակցության առաջնորդներից մեկը, հենց սա է։ Ըստ այդ պլանի՝ իրենց հովանավորների աջակցությամբ պետք է այնպիսի տնտեսական սահմանափակումներ մտցվեն, որ Հայաստանում սոցիալ-տնտեսական ճգնաժամ սկսվի, որպեսզի ժողովուրդը Կառավարության դեմ սոցիալական բունտ անի. սա է «գաղտնի պլանի» էությունը»,- մանրամասնել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ սա նմանօրինակ առաջին պլանը չէ, և նման մի քանի պլաններ նախկինում արդեն տապալվել են։ Վարչապետը վստահ է, որ այս մեկն էլ կտապալվի։
«Որովհետև Հայաստանի ժողովուրդն իր պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը չի զիջի մաֆիային, և Հայաստանի տնտեսությունն էլ կշարունակի իր դինամիկ զարգացումը»,- ընդգծել է Փաշինյանը։