«Արցախցիների քաղաքացիություն ստանալու գործընթացը մաքսիմալ բարդ է՝ ամբողջությամբ էլեկտրոնային, երկարատև և շատերի համար դժվար հաղթահարելի, իսկ իրավունքների հարցում պետական աջակցությունը բավարար չէ։ Ապօրինի ձևով շուրջ 100 հազար մարդու զրկել են ՀՀ քաղաքացիությունից, հետո ասում են՝ նորից դիմեք և վերցրեք։ Ե՛վ սոցիալական, և՛ հոգեբանական, և՛ բարոյահոգեբանական խնդիրները շարունակում են մնալ»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը Արցախի հանրային խորհրդի անդամ, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի համահիմնադիր Նարե Սիմոնյանն է։ Նրա գնահատմամբ՝ արցախցիների քաղաքացիությունից զրկումը ստեղծել է վտանգավոր նախադեպ քաղաքական իրավունքների սահմանափակման համար։
Անդրադառնալով արցախահայության վերադարձի և ինքնորոշման իրավունքներին՝ Սիմոնյանն ընդգծում է՝ արցախցիները չունեն Ադրբեջանի կազմում ազատ և անվտանգ ապրելու որևէ տարբերակ․ Ադրբեջանն իր վարվելակերպով ապացուցել է, որ հայերն այնտեղ ապրել չեն կարող։
«Այդ հարցը բերել ու հավասարեցնել այն թեմային, թե Հայաստանի ինքնիշխան տարածքում բնակվել են ադրբեջանցիներ՝ թող հետ գան, ես կարծում եմ՝ հանցավորություն է և ոչ թե անմտություն։ Այնքան ակնհայտ է այս երկու հարցերի տարբեր հարթակներում լինելը, որ պետք է միտումնավոր քարոզչական թեզերով փորձես համահավասարեցնել։ Եթե ուզում են նույն հարթակի մեջ Ադրբեջանի հետ համահավասար թեմա ունենալ, դա հայերի վերադարձն է ադրբեջանական տարբեր քաղաքներ՝ Բաքու, Սումգայիթ և այլն։ Իսկ Արցախը խորհրդային տարիներին եղել է Ինքնավար Մարզ և ԽՍՀՄ օրենսդրության համաձայն անկախացել է»։
🎦 զրույցն ամբողջությամբ