Թունյանն այս առաջարկը ներկայացրեց Ազգային ժողովում իր թեկնածության քննարկման ժամանակ։
«Մտածում եմ, որ Ազգային ժողովում պետք է ստեղծենք բիզնեսի խնդիրներին արձագանքման խումբ։ Իհարկե, այստեղ կարողությունների խնդիր կա, բայց կարծում եմ՝ դա լուծելի հարց է։ Մարդու իրավունքների պաշտպանի հետ այս հարցը քննարկելու ենք և կարող ենք շատ արդյունավետ համագործակցել»,- ասաց Թունյանը։
Նա կարևորեց նաև խորհրդարանի վերլուծական կարողությունների ընդլայնումը՝ առաջարկելով ԱԺ բյուջեի շրջանակում ստեղծել առանձին ֆոնդ, որի միջոցները կարող են արտապատվիրակմամբ ուղղվել տնտեսական հետազոտությունների իրականացմանը։
«Խորհրդարանական երկրում խորհրդարանը պետք է շատ ավելի մեծ ռեսուրսներ ունենա։ Գաղափարներից մեկն այն է, որ Ազգային ժողովն իր ամենամյա հաստատված բյուջեից բացի, ունենա որոշակի ֆոնդ, որը կարող է ուղղվել տնտեսական բնույթի հետազոտությունների անցկացմանը»,- նշեց թեկնածուն։
Թունյանն իր առաջնահերթությունների թվում ընդգծեց նաև գործարար միությունների և բուհական համայնքի հետ համագործակցության ակտիվացումը, արդեն ընդունված օրենքների արդյունավետության հետօրենսդրական մշտադիտարկումը և ընդունվող փոփոխությունների վերաբերյալ հանրության պատշաճ իրազեկումը։
Նրա խոսքով՝ հաճախ քաղաքացիները խորհրդարանում ընդունված փոփոխությունների մասին տեղեկանում են միայն այն ժամանակ, երբ դրանք արդեն ուժի մեջ են մտնում և անմիջականորեն ազդում իրենց կյանքի կամ ֆինանսական վիճակի վրա։