«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ականները չնայած վերջին օրերին, բառի բուն իմաստով, պոռոտախոսությամբ են զբաղված եւ հայտարարում են, թե հունիսի 7-ի ընտրություններին սահմանադրական մեծամասնություն են ստանալու, սակայն իրականում մեր իշխանական աղբյուրները չեն թաքցնում, որ, մեղմ ասած, ահաբեկված են իրական սոցհարցումների արդյունքներից եւ որոշ ընդդիմադիրների օրեցօր աճող ռեյտինգից։
Փաշինյանի թիմի թիվ մեկ ահն ու սարսափը, իհարկե, գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական միավորն է։ Պարզվում է՝ Փաշինյանն իր կուսակցության որոշ անդամների հրահանգել է մարզերում «հետախուզական» աշխատանքներ իրականացնել եւ պարզել, թե ինչ սկզբունքով ու մեթոդներով է աշխատում Կարապետյանի թիմը, խոցելի՞ են արդյոք, եւ ինչպե՞ս կարելի է կասեցնել նրանց ընթացքը: