💥 Մոլդովայի նախագահ Սանդուն հայտարարել է, թե Ռումինիային միանալու հանրաքվե լինելու պարագայում ինքը կքվեարկեր միանալուն կողմ: Սանդուն իր այդ դիրքորոշումը բացատրել է նրանով, որ գեոպոլիտիկ առումով Մոլդովայի համար ավելի ու ավելի բարդ է դառնում զարգանալ որպես դեմոկրատական եւ ինքնիշխան պետություն:
Հետաքրքիր անկեղծություն է: Պետության նախագահը հրապարակավ հայտարարում է, որ կքվեարկի այլ պետության՝ Ռումինիայի կազմի մեջ մտնելու համար: Իհարկե դե յուրե ձեւակերպումը միավորումն է, բայց հասկանալի է, որ խոսքը փաստացի Ռումինիայի կազմի մեջ մտնելու մասին է:
Նկատենք երկու հանգամանք: Սանդուն փաստորեն հույս չի կապում ԵՄ անդամակցության ու դրանով պաշտպանվելու օգտին: Չէ՞ որ Մոլդովան ստացել է թեկնածուի կարգավիճակ, հետեւաբար ինչու՞ մտածել Ռումինիայի կազմ մտնելու մասին, եթե Մոլդովան կարող է դառնալ ԵՄ անդամ եւ լինել պաշտպանված:
Որովհետեւ Սանդուն գիտե, թերեւս ամենից լավ, որ ԵՄ անդամությունը ավելի շատ միֆ է, քան իրական հեռանկար, անգամ այն դեպքում, երբ շատ փորձագետներ հենց Մոլդովայի անդամությունն են եղած թեկնածու երկրների շարքում գնահատում ամենից իրականը: Բայց, կրկնեմ, Սանդուն ի պաշտոնե տեղյակ է իրերի դրությունից, եւ քանի որ մեղմ ասած տգետ չէ, խոսում է այն մասին, որ ավելի լավ է միանալ Ռումինիային:
Եվ աայս համատեքստում ուշադրության արժանացրեք այն «հավաստիացումներին», որ արվում են Հայաստանի ԵՄ անդամ դառնալու հեռանկարի առնչությամբ, փաստացի խաղալով հանրության պարզունակ ցանկությունների ու զգացումների վրա:
Եվ այս համատեքստում էլ թերեւս երկրորդ հանգամանքն է, որ ուշադրության է արժանի Սանդուի խոսքի համատեքստում: Մոլդովայի նախագահը «միջին վիճակագրական քաղաքական հայ եվրոպամետի» համար օրինակ է, որ պարբերաբար մատուցվում է Հայաստանին: Հետաքրքիր է, Սանդուի այս օրինակի՞ն էլ կհետեւի «միջին վիճակագրական հայաստանցի քաղաքական եվրոպամետը»: Այդ դեպքում Հայաստանը ո՞ր երկրին կցանկանան միացնել իրենք:
Թե որին չեն ցանկանա, պարզ է իհարկե վաղուց: Թեեւ, շատ ավելի մեծ է հավանականությունը, որ հենց իրենց քաղաքական վարքագծի ու փիլիսոփայության հետեւանքով՝ եթե Հայաստանը շարունակի գտնվել դրա ազդեցության ներքո, ավելի շուտ կդառնա հենց այն երկրի մաս, որին միանալու դեմ իրենք իբրեւ թե պայքարում են: