Հայաստանին պետք է Սահմանադրություն, որի կենտրոնում կլինեն մարդն ու նրա իրավունքների ավելի լայն շրջանակը, որը կունենա կառավարման ավելի ճկուն ու փոխզսպող մեխանիզմներ։
Այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովի ընթացքում իր ելույթում։
«Այո, Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն, իրապես ժողովրդի կողմից ընդունված Սահմանադրություն, որի կենտրոնում կլինեն մարդն ու իր իրավունքների ավելի լայն շրջանակը, որը կունենա կառավարման ավելի ճկուն ու փոխզսպող մեխանիզմներ, ավելի ժողովրդավար ընտրակարգ, ավելի բաց հաշվետվողական ու պատասխանատու պետական կառավարման համակարգ և պաշտոնատար անձ։ Մենք կառուցում ենք պետականություն, որտեղ պետությունը և քաղաքացին կանգնած են նույն կողմում և գործում են միասին, որտեղ քաղաքացին հարգում է Սահմանադրությունը, օրենքներն ու այլոց իրավունքները, իսկ պաշտոնյան առաջնորդվում է հանրային շահով և սահմանափակված է մարդու իրավունքներով»,– շեշտեց նա։
Նախարարն ընդգծեց՝ հունիսի 7–ի ընտրությունն իշխանության մասին չէ, այլ ժողովրդի մասին է՝ որպես Հայաստանի Հանրապետության հիմնադրի և իշխանության իրական կրողի։
«Այս ընտրությունն այն մասին է, թե ինչպիսին ենք մենք, ինչպիսի երկիր ենք ուզում ունենալ ու ժառանգել ապագա սերունդներին։ Մենք բռնել ենք խաղաղ ու կայուն զարգացման ուղին և այլևս հիմքեր ունենք պնդելու, որ կառուցում ենք պետություն, որտեղ մարդիկ ազատ են, հավասար, ազատ են իրենց ընտրություններում, որտեղ օրենքները չեն սպասարկում նեղ անձնական շահեր։ Մենք կառուցում ենք պետություն, որտեղ երիտասարդը հավատում է իր ապագային, գործարարը՝ իր ներդրումներին, աշխատողը՝ իր աշխատանքի արդյունքին։ Մենք կառուցում ենք պետություն, որի քաղաքացին դժվարությամբ, բայց ուզում է հավատալ ու վստահել պաշտոնյային, գիտակցել, որ պետությունը նաև ինքն է»։
Սրբուհի Գալյանի խոսքով՝ ինքն ուզում է տեսնել գիտակից քաղաքացի, ով հարցնում է, վերլուծում, պահանջում, ընտրում և որոշում է կայացնում։
Նախարարը վստահեցրեց, որ ՔՊ-ի ուզած պետությունն իրապես իրավական պետությունն է, և նրա պնդմամբ՝ դա է պատճառը, որ կառավարման բարդ ճանապարհն անցնելիս ՔՊ-ի ընտրությունը մշտապես կանգ է առել խնդիրները լուծելու արդար, իրավական ճանապարհի վրա։