⚡️Իշխան Զաքարյանը երկու տարի է` ծանր հիվա՞նդ է. ինչու՞ նա չի հաճախում ԱԺ նիստերին և ինչու՞ է Ալեն Սիմոնյանը աչք փակում դրա վրաԵրեկ Ալեն Սիմոնյանը հրապարակեց Ազգային ժողովի նիստերից ամենաշատ բացակայած պատգամավորների թոփ տասնյակը, որի բոլոր հորիզոնականներում ընդդիմադիր երկու խմբակցությունների անդամներ են:
Առաջին հորիզոնականում` որպես ամենաշատ բացակայած պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն է` 100 բացակա:
Սիմոնյանի հրապարակած ցանկում, սակայն, չկա «Պատիվ ունեմ» խմբակցությամբ մանդատ ստացած, հետո իբր անկախացած և, ոչ օֆիցիալ, ՔՊ-ի կողմը անցած Իշխան Զաքարյանի անունը, որը տևական ժամանակ է` պարզապես չի մասնակցում նիստերին: Նրա մասին` որպես պատգամավոր, բոլորը մոռացել են, հավանաբար Ալեն Սիմոնյանն էլ է մոռացել իրենց ընկեր Իշխանին (Զաքարյան), թե չէ վստահ ենք` դաշնակցական ընկեր Իշխանին (Սաղաթելյան) հաստատ առաջին «մրցանակը» չէր տա:
ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը
MakaryanNews-ի հետ զրույցում նշեց, որ Իշխան Զաքարյանի բացակայությունները հարգելի են, և առկա են դրանք հիմնավորող փաստաթղթեր, դրա համար էլ Զաքարյանը չի ներառվել անհարգելի բացակայություններ ունեցողների տասնյակում:
Իսկ այդ բացակայությունները «հարգելի ճանաչող փաստաթղթերը» ոչ այլ ինչ են, քան «բժշկի թուղթ», համաձայն որի` Իշխան Զաքարյանը վատառողջ է և չի կարող հաճախել աշխատանքի:
ԱԺ նախագահի մոտ, փաստորեն, մինչ օրս կասկած չի հարուցել այն հանգամանքը, որ պատգամավորը երկու տարուց ավելի է` «վատառողջ է», որի վերաբերյալ ինչ-որ բժիշկ պարբերաբար տեղեկանք է տրամադրում, չնայած նրան, որ նա այդպես «հիվանդ-հիվանդ» ակտիվ կյանք է վարում, օրինակ` Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցում է Համահայկական խաղերի բացմանը և ոչ միայն: Հետևաբար` ո՞վ է այն բժիշկը, որը ակնհայտորեն առողջ մարդուն ամեն անգամ հիվանդ լինելու տեղեկանք է տալիս և ինչի՞ դիմաց է դա անում: Գուցե այստեղ կոռուպցիոն ռի՞սկ կա:
Իսկ եթե Իշխան Զաքարյանն իսկապես երկու տարի է` ծանր հիվանդ է (առողջություն մաղթենք իրեն), ապա Ալեն Սիմոնյանը մի՞թե չի անհանգստանում իր «անկախ» գործընկերոջ առողջությամբ, գուցե մի օր գնա հիվանդատե՞ս «անկողնային հիվանդ» Իշխան Զաքարյանին, որին ևս մեկ անգամ սրտանց առողջություն և երկար կյանք ենք մաղթում: Եթե դա էլ չի անում, ուրեմն կա´մ Ալեն Սիմոնյանն այնքան անջիգյար է, որ թքած ունի Իշխան Զաքարյանի առողջության վրա, կա´մ թքած ունի Զաքարյանի ցուցաբերած առերևույթ «ժուլիկության» և կեղծ բժշկի տեղեկանքներով պարբերաբար «հարգելի բացականեր» կամ բացակայելու ինդուլգենցիա ստանալու վրա: Այսինքն` Իշխան Զաքարյանի կողմից օրենքի առերևույթ խախտման վրա: Հետաքրքիր է` Զաքարյանը իր բացակայությունների դիմաց աշխատավարձ, էլ չենք ասում` պարգևավճար ստացե՞լ է այս ընթացքում:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ