Դեկտեմբերի 11, օրվա Սուրբգրային ընթերցում։
Ավետարան ըստ Մատթեոսի 5.1-12
1 Եվ տեսնելով ժողովրդի բազմությունը՝ բարձրացավ լեռան վրա: Եվ երբ այնտեղ նստեց, նրա մոտ եկան իր աշակերտները.
2 և նա սկսեց նրանց ուսուցանել ու ասել.
3 «Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը:
4 Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն:
5 Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն:
6 Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան:
7 Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն:
8 Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն:
9 Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն:
10 Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը:
11 Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն:
12 Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզնից առաջ են եղել: