Էստոնիան պատրաստ է կիսվել իր փորձով Հայաստանի հետ՝ աջակցելով հայկական ընկերություններին նոր շուկաների որոնման և Ռուսաստանից տնտեսական կախվածությունը դիվերսիֆիկացնելու գործընթացում։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան՝ պատասխանելով հայկական բիզնեսի համար նոր շուկաների որոնման վերաբերյալ հարցին։
Նա նշեց, որ այդ ուղղությամբ արդեն գործնական քայլեր են իրականացվում։
«Մենք գործնական սեմինար ենք մեկնարկել, որի նպատակն է աջակցել ընկերություններին՝ համաշխարհային շուկայում նոր հնարավորություններ բացահայտելու հարցում»,-ասաց նա։
Ցահքնան ընդգծեց, որ Էստոնիան արդեն անցել է նման ճանապարհ՝ նվազեցնելով կախվածությունը ռուսական շուկայից։
«Մենք շատ կախված էինք ռուսական շուկայից, բայց 1999 թվականի տնտեսական ճգնաժամից հետո հասկացանք, որ չի կարելի շատ մեծ կախվածություն ունենալ միայն մեկ շուկայից»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ այդ փորձը ցույց է տվել, որ նման կախվածությունը կարող է լուրջ ռիսկեր առաջացնել բիզնեսի համար, ինչի արդյունքում էստոնական ընկերությունները սկսել են ակտիվորեն դուրս գալ գլոբալ շուկաներ։
Էստոնիայի ԱԳ նախարարը նշեց, որ իր երկիրը պատրաստ է աջակցել հայկական բիզնեսին՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համագործակցության միջոցով։
«Մենք կարող ենք բացել դռներ ձեր բիզնեսների համար, բայց շատ կարևոր է նաև շարունակական աշխատանքն այդ ուղղությամբ»,- ասաց նա։