Երևանի կենդանաբանական այգում հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել մուտքի տոմսերի նոր սակագները։
Երևանի կենդանաբանական այգուց «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ փոփոխության նպատակն է ընդլայնել գործունեության ծավալները, բարելավել կենդանիների պահման պայմաններն ու բարձրացնել այցելուներին մատուցվող ծառայությունների որակը։
«Երկուշաբթի օրերին 3-69 տարեկան այցելուների համար մուտքի տոմսի արժեքը կկազմի 1000 դրամ, իսկ երեքշաբթիից կիրակի՝ 2000 դրամ։
Միաժամանակ, պահպանվում են անվճար մուտքի արտոնությունները մինչև 3 տարեկան երեխաների, 70 և բարձր տարիքի անձանց, հաշմանդամություն ունեցող անձանց, ռազմական գործողությունների հետևանքով զոհված անձանց ընտանիքի անդամների, մանկատներում և հատուկ խնամքի կենտրոններում հաշվառված անձանց, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների, ինչպես նաև սոցիալական աջակցություն ստացող անձանց համար»,-նշված է հայտարարության մեջ:
Երեքշաբթիից կիրակի օրերին 11 և ավելի անձից բաղկացած խմբերի համար կգործի ընդհանուր արժեքից 5 տոկոսի չափով զեղչ։
Դպրոցների, մանկապարտեզների և զարգացման կենտրոնների սաների խմբային այցելությունների դեպքում, համապատասխան տեղեկանքի առկայությամբ, յուրաքանչյուր այցելուի համար կկիրառվի 70 տոկոսի չափով զեղչ։
Անվճար մուտքի կամ զեղչերից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթուղթ։