Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղարի տեղակալ, Եվրասիայի վարչության պետ, դեսպան Պիեռ-Իվ Ֆուքսը, որը Երևանում է Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման նպատակով, ապրիլի 8-ին ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Անդրեա Բարբարա Բաումանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։
Հյուրերին ողջունել և այցի ընթացքում ուղեկցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը: Հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Նրանք շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ-ի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Շրջայցի վերջում Պարոն Պիեռ-Իվ Ֆուքսը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: