Այս մասին վարչապետն ասաց Երևանում քաղաքացիների հետ շփումների ընթացքում, անդրադառնալով անվտանգության համար երրորդ երկրի երաշխավորության անհրաժեշտության վերաբերյալ ընդդիմադիրների հայտարարություններին:
«Մենք 2022թ. դրան ենք վերջ տվել, որ մենք ասել ենք՝ մենք պետք է գործենք, որոշումներ կայացնենք: Այդ որոշումները երբեմն դժվար պետք է լինեն, երբեմն անհնար պետք է լինեն, բայց մեր խնդիրն է, մենք պետք է լուծենք: Երբ որ քո խնդրով գնում ես ուրիշի մոտ, ուրիշը քո խնդիրը վերցնում է, լուծում է իր խնդիրը»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը հավելեց՝ տարբեր ժամանակաշրջաններում քաղաքական և հասարակական խոսույթում շրջանառվել են թեզեր, որ երաշխավոր երկիրը կամ երկրները մեզ դավաճանեցին կամ լքեցին:
«Ոչ ոք պարտավոր չէ իր զահերը զոհաբերել մեր շահերին, մենք էլ պարտավոր չենք մեր շահերը զոհաբերել իրենց շահերին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի վարչապետի խոսքով՝ կարևոր է անդրադառնալ նաև այն հարցին, թե ինչու է երկիրը փրկության կարիք ունենում որևէ պարագայում:
«Երբ որ խոսում ենք Ղարաբաղի կոնֆլիկտի մասին, դա նկատի ունենք: Այսօր էլ են ասում՝ ասում են՝ Արարատը մերն է, բայց զոհ պետք է չլինի. չի լինում այդպես»,- ասաց վարչապետը: