📢«Այսօր կարող եմ ասել, որ մենք ճիշտ ուղու վրա ենք՝ շուտով իրականացնելու Ամերիկայի բոլոր ռազմական նպատակները [Իրանում] ․․․ Մենք նրանց չափազանց ուժեղ հարվածներ ենք հասցնելու հաջորդ երկու-երեք շաբաթվա ընթացքում։ Մենք նրանց հետ ենք շպրտելու քարի դար, որտեղ նրանց տեղն է»,- ասել է Դոնալդ Թրամփն իր երեկոյան ուղերձում (Երևանի ժմնկով՝ 5:00)։
📍Նա հայտարարել է Իրանի պատերազմի մոտալուտ դադարեցման մասին։ Ասում է՝ իրենց հիմնական նպատակին արդեն գրեթե հասել են, և ինքը զոհվածների հարազատներին խոստացել է շուտով ավարտել գործողությունը։
📍Թրամփը խոստացել է հարվածել Իրանի էներգետիկ և նավթային ենթակառուցվածքներին, եթե առաջիկա օրերին Իրանը համաձայնության չգա ԱՄՆ-ի հետ (այս ուղերձում որևէ բան չի ասել բանակցությունների մասին)։
📍Հորմուզի նեղուցի փակ լինելուց տուժող պետություններին էլ Թրամփը կոչ է արել գնալ ու բացել նեղուցը, քանի որ նրանք ԱՄՆ-ին չեն աջակցել, իսկ ԱՄՆ-ին նեղուցի փակ լինելը չի խանգարում։
📌Մի քանի թեզ ԱՄՆ նախագահի ուղերձից, ոչ բառացի։ Մի մասը նախկինում ասածի կրկնություն է։
1. «Մենք ոչնչացրել ենք Իրանի նավատորմը, ղեկավարությանը, և խիստ կրճատել ենք հրթիռային արձակման կայանները, զենքի արտադրության հնարավորությունները։
2. Եթե ես ժամանակին չսպանեի Ղասեմ Սոլեյմանիին, մենք հնարավոր է պատերազմի այլ վիճակում լինեինք հիմա։ Եվ եթե վերջ չտայի միջուկային գործարքին, Իրանը կհասներ միջուկային զենք ունենալուն։
3. Իրանը մասնակցել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Համասի՝ Իսրայելի վրա հարձակմանը։
4. Իրանի իշխանությունները հունվարի ցույցերին 45 հազար ցուցարար են սպանել (այս թիվը գնալով մեծացնում են, նախկինում 20 հազար, հետո՝ 30 հազար էին ասում)։
5. Իրանի իշխանությունները փորձում էին միջուկային զենք ստանալ։ Հունիսին մենք թիրախավորեցինք նրանց միջուկային օբյեկտները։ Բայց նրանք այլ տեղերում վերսկսեցին միջուկային զենքի պատրաստման աշխատանքները։
6. Իրանի իշխանությունները արագորեն մեծացնում էին իրենց հրթիռային սպառազինությունը, և շուտով կարողանալու էին թիրախավորել ԱՄՆ տարածքը (չափազանցնում է, Իրանի ամենահեռահար հրթիռները 4000 կմ հեռահարություն ունեն)։
7. Մեր նպատակները հստակ էին՝ ոչնչացնել Իրանի կարողությունը իր տարածքից դուրս ռազմական գործողություններ ձեռնարկելու և միջուկային զենք ունենալու հարցում, և այդ նպատակին արդեն գրեթե հասել ենք։
8. Այն պետությունները, որոնք Հորմուզի նեղուցի միջոցով են նավթ ստանում, պետք է ստանձնեն առաջնորդությունը և բացեն Հորմուզի նեղուցը։ Դրանք այն երկրներն են, որոնք որոշեցին չմասնակցել Իրանի գլխատման գործողությանը, և մենք դա արեցինք միայնակ։
9. Երբ հակամարտությունը ավարտվի, Հորմուզի նեղուցն ինքնաբերաբար կբացվի։ Եվ այդ պետությունները պետք է գնան ու վերցնեն, պաշտպանեն այդ նեղուցը։ Մենք արել ենք ամենադժվարը, և իրենք կարող են վերականգնել նավթի հոսքը։
10․ Քիչ է մնացել մեր ռազմական նպատակներին հասնելուն։ Եվս 2-3 շաբաթ հարվածներ կհասցնենք։
11. Մենք երբեք չենք ասել, որ ռեժիմի փոփոխությունը մեր նպատակն է։ Բայց ռեժիմը փոխվել է, որովհետև նախկին ռեժիմի գրեթե բոլոր ներկայացուցիչները սպանված են։ Նոր ղեկավարությունն ավելի քիչ ռադիկալ է։
12. Եթե մոտ ժամանակներս պայմանավորվածության չհասանք, մենք խփելու ենք Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին ու նավթի ենթակառուցվածքներին։ Նրանց նավթի ենթակառուցվածքը ամենահեշտ թիրախներից է, բայց մենք դրան չենք խփել, որ Իրանին չզրկենք վերականգնվելու հնարավորությունից։
13. Իրանի ՀՕՊ կարողությունները և ռադարները ոչնչացված են։ Իրանի միջուկային կարողություններին այնպիսի հարվածներ ենք հասցրել, որ ամիսներ կպահանջվի վերականգնման համար։ Եվ մենք մեր արբանյակներով հետևելու ենք դրան։
14. 32 օրում մենք ոչնչացրինք Իրանի ռազմական կարողությունը, և այն այլևս չի կարող սպառնալ ԱՄՆ-ին և աշխարհին»։ (Համեմատում էր ԱՄՆ-ի՝ նախկինում ունեցած երկարատև պատերազմների հետ)։
@IRI2day