Այս մասին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ վերջին ամիսներին Հայաստանին և Եվրոպական միությանը հաջողվել է էական առաջընթաց գրանցել կապակցվածության ոլորտում։
«Դրա վառ ապացույցը Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին համատեղ հայտարարության ընդունումն է, ինչպես նաև նախորդ շաբաթ Բրյուսելում կայացած կապակցվածության օրակարգի հարթակի նախարարական համաժողովի շրջանակում Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Եվրոպական ներդրումային բանկի միջև Հայաստանի սահմանային երեք անցակետերի և հյուսիսային երկու ավտոճանապարհների իրագործելիության ուսումնասիրությունների վերաբերյալ մտադրությունների հայտարարության և հաստատման նամակի ստորագրումը»,- նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ էներգետիկայի ոլորտում Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերից է էներգիայի կուտակման կայանների կառուցումը, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ օգտագործել վերականգնվող էներգիայի աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիան։
«Գործընկերոջս հետ քննարկել ենք նաև այս հարցում Եվրամիության աջակցության հաստատման և հատկացման հարցը»,-ասաց նա։
Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ Փաշինյանը կարևորեց էներգետիկ կապակցվածության ընդլայնումը, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումը։
«Սա կարող է նպաստել ինչպես էներգետիկ անվտանգության ամրապնդմանը, այնպես էլ կանաչ անցման նպատակների իրականացմանը»,- ասաց վարչապետը։
Նա նշեց, որ Հայաստանը շահագրգռված է նաև Եվրամիության հետ առավել սերտ համագործակցությամբ թվային տեխնոլոգիաների, արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում՝ միաժամանակ ձևավորելով այնպիսի միջավայր, որը կնպաստի եվրոպական մասնավոր ներդրումների աճին։
«Այս առնչությամբ կարևորում եմ նաև Հայաստանի մասնակցությունը Սևծովյան ստորջրյա էլեկտրաէներգետիկ և թվային մալուխի ծրագրերին»,-ասաց նա։
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպական միությանը՝ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների, տնտեսական դիմակայունության և երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված շարունակական աջակցության համար՝ ի բարօրություն ժողովուրդների և ի նպաստ ՀՀ-ԵՄ հետագա խորացման։