Արա Այվազյան. Կայունության հենասյան ձևավորումը գլոբալ վերափոխման դարաշրջանում
(մաս1)
«Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում ներկայացնում եմ իմ մոտեցումները՝ «Հայաստան-Իրան-Ռուսաստան կենսական համագործակցությունը որպես կայունության հենասյուն» թեմայով։
Սառը պատերազմի նախկին բաժանարար կարգի միակ մասունքը, թերևս, մնաց հայ-թուրքական փակ սահմանը, որը Հարավային Կովկասը տասնամյակներ շարունակ պահեց յուրատեսակ «ստրատեգիական սառեցման» վիճակում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմը նշանավորեց աշխարհաքաղաքական այդ իներտության խզման սկիզբը՝ արագացնելով տարածաշրջանային հավասարակշռության վերաձևավորման գործընթացները։
Հոկտեմբերին Մոսկվայում մասնակցում էի Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) կազմակերպած մի միջազգային համաժողովի։ Մասնակցում էին Ռուսաստանի, Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները։ Քննարկումը դուրս եկավ զուտ ակադեմիական շրջանակներից։ Այսօրվա տարածաշրջանային զարգացումների ֆոնին թեման խիստ արդիական է։ Տարածաշրջանային համագործակցության այս ձևաչափը՝ Հայաստան-Ռուսաստան-Իրան եռանկյունը, այսօր բյուրեղանում է և սկսում ընկալվել որպես Հարավային Կովկասում կայունության հնարավոր հենակետ՝ արագացող գլոբալ փոխակերպումների պայմաններում։
Ուկրաինայի շուրջ ճգնաժամի հետևանքով Եվրասիայի տրանսպորտային աշխարհագրության փոփոխության և ցամաքային երթուղիների համար մրցակցության աճի պայմաններում Հարավային Կովկասը վերածվում է տարածքի, որտեղ որոշվում է եվրասիական կապակցվածության ապագա ճարտարապետությունը։ 21-րդ դարում պետությունների ռազմավարական նշանակության հիմնական չափանիշը դառնում է ոչ թե դրանց չափը, այլ՝ հաղորդակցություններին, լոգիստիկ հանգույցներին և տարանցիկ մայրուղիներին կայուն հասանելիություն ապահովելու կարողությունը։ Հենց այս հարթությունում տարածաշրջանը դառնում է Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, ԵՄ և ԱՄՆ-ի շահերի հատման գոտի, որտեղ ուժային քաղաքականությանը զուգահեռ վճռորոշ դեր են սկսում խաղալ ենթակառուցվածքային լուծումները։
2020 թվականից հետո Թուրքիայի արևելյան ընդլայնումը և թյուրքական աշխարհի ստեղծման հայեցակարգը երկարաժամկետ տեսական նախագծերի ոլորտից անցան գործնական հարթություն։ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի վերակենդանացումը Անկարայում և Բաքվում դիտարկվում է ոչ միայն որպես Հայաստանը մասնատելու բացառիկ հնարավորություն, այլև՝ որպես Կասպյան տարածաշրջան և այնուհետև Կենտրոնական Ասիա ու Չինաստան անմիջական ելք ապահովելու գործիք։ Սակայն նման միջանցքներն ուժի կամ սպառնալիքի միջոցով ձևավորելը՝ առանց պետությունների ինքնիշխանության և տարածաշրջանային հավասարակշռության լիարժեք հաշվառման, անխուսափելիորեն ծնում է անկայունություն։ Պատմական փորձը՝ միջպատերազմյան Եվրոպայից մինչև ժամանակակից հակամարտություններ, ցույց է տալիս, որ «մեխանիկորեն ներդրված» տարանցիկ լուծումները հաճախ դառնում են երկարաժամկետ ճգնաժամերի աղբյուր։
Այս համատեքստում Իրանը և Ռուսաստանը Հայաստանի միջոցով միացնող տարածքը ներկայանում է որպես սակավաթիվ բնական և պոտենցիալ կայուն ցամաքային երթուղիներից մեկը, որը կարող է գործել՝ անկախ քաղաքական կոնյունկտուրայից, պատժամիջոցների ռեժիմներից և ծովային սահմանափակումներից։ Այստեղ Հայաստանը դադարում է լինել տարածաշրջանային կոնֆիգուրացիայի ծայրամասային տարր և սկսում է դիտվել որպես մայրցմաքային եվրասիական կապի առանցքային օղակ։