Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ձեւավորվում, որ պատերազմի ժամանակ վարչապետի դերը կատարող անձը եւ իր թիմակիցները ՀՀ կառավարությունում դիտորդի կարգավիճակ են ունեցել։ Ցանկացած իրավիճակում մեղավորներ են փնտրում՝ իրենց ներկայացնելով անմեղ հրեշտակներ։
Անժխտելի փաստ է, որ պատասխանատվությունից խուսափող ղեկավարը մեծագույն սպառնալիք է պետության համար։ Ես բազմիցս հայտարարել եմ, որ պատասխանատվությունից չեմ խուսափում եւ պատրաստ եմ աջակցել պատերազմի արդյունքները քննող հանձնաժողովի աշխատանքներին, սակայն իշխանության ներկայացուցիչները շարունակում են շահարկել պատերազմի թեման՝ քաղաքական միավորներ հավաքելու համար։
Իհարկե, մարդկանց վարկաբեկելու հարցում նրանք մրցակիցներ չունեն, բայց առաջարկում եմ սթափվել, եւ անհիմն հայտարարություններով չփորձել բոլոր մեղքերը բարդել ռազմական հրամանատարության վրա։ Նրանք ցանկացած գնով ձգտում են ինքնամաքրվել՝ նշանակելով մեղավորներ եւ փակելով պատմության այս ողբերգական էջը, շարունակել վայելել իշխանության բարիքները։
Մեր զոհված զինակից ընկերների թափված արյունը զրկել է մեզ ինքնապաշտպանվելու բարոյական իրավունքից, բայց չափերը պետք չէ անցնել։
Օբյեկտիվ քննությունը ցույց կտա բոլորիս մեղավորության աստիճանը։
2021, հունիս ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյան