«Երևանի քաղաքային իշխանությունը անում է մի բան, հետո տեսնում են մինչև վերջ չի ստացվել՝ անում են երկրորդ քայլը, հետո երրորդը․․․ Ռազմավարական ծրագիր չկա»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանն է։
«Մայրաքաղաքում փոփոխությունները կամ սահմանափակումները պետք է ի սկզբանե լավ մտածել, լավ քննարկել նաև ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչների հետ, բոլոր մասնագետների հետ, ուսումնասիրել արտերկրի փորձը և ամբողջական ծրագրով հանդես գալ։ Եթե դու մտածում ես, որ, օրինակ, կարմիր գիծը թանկացնենք՝ մարդիկ ավտոյից կհրաժարվեն, կգնան կնստեն տրանսպորտ, բայց չես հաշվարկում, որ շատ մարդիկ կներմուծեն էլեկտրական մեքենաներ (կայանումն անվճար է — խմբ․), ապա կարմիր գծերը հարցը չեն լուծի։ Այսինքն՝ դու պետք է ամբողջական փաթեթով ծրագրային մոտենաս, շատ մանրամասն հաշվարկես արդյունքը և նոր միայն արժեքը կամ գինը բարձրացնես»։
Արամ Թորոսյանի կարծիքով՝ ավագանու ինստիտուտն ունի շատ ավելի մեծ պոտենցիալ, քան այն, ինչ այսօր իրականում կա․ առաջարկում է՝ ավագանու անդամները լինեն պատգամավորների պես՝ ընտրված և մշտական աշխատանքով զբաղված մարդիկ, որոնք կստանան համապատասխան աշխատավարձ և չեն շեղվի այլ գործունեությամբ։
🎦զրույցն ամբողջությամբ