Category: Elbakyan’s diary

  • Ո՞ՐՏԵՂԻՑ ԵՆ ԾԱԳՈՒՄ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ, Ո՞ՐՏԵՂԻՑ Է ԾԱԳՈՒՄ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԸ• Հիշո՞ւմ եք հայ…

    Ո՞ՐՏԵՂԻՑ ԵՆ ԾԱԳՈՒՄ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ, Ո՞ՐՏԵՂԻՑ Է ԾԱԳՈՒՄ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԸ
    • Հիշո՞ւմ եք հայտնի ֆիլմը։ 20-րդ դարում հայտնված Իվան Ահեղը ինժեներ Տիմոֆեևին փորձում է հիմնավորել իր արքայական լեգիտիմությունը «ոչ մարդկային հաճությամբ, այլ աստվածային կամոք եմ թագավոր» խոսքերով (“не человечьим хотением, но Божьим соизволением царь есмь“)։ Հետաքրքիր է, որ այս տողերը ֆիլմի հեղինակները չեն հորինել, այլ վերցված են հենց իսկ Իվան Ահեղի՝ 1581 թ․-ին լեհաց թագավոր Ստեֆան Բատորիին գրած նամակից․ «… Իվան Վասիլևիչս … կամաւքն Աստուծոյ, այլ ոչ հաճութեամբ բազմապստամբ մարդկային …» (“… Иванъ Васильевичъ … по Божию изволенью, а не по многомятежному человечества хотѣнию …“)1։ Բանն այն է, որ լեհական թագավորն ընտրված էր ազնվականության՝ «մարդկանց» կողմից, իսկ Իվան Ահեղն ինքնակալ էր, որն իր լեգիտիմությունը քաղում էր Աստծուց։
    • Լեգիտիմության՝ «աստվածայի՞ն, թե՞ մարդկային» հակադրությունը տարածված գաղափար էր արևելաքրիստոնեական քաղաքական աստվածաբանության մեջ։ Իվան Ահեղից 397 տարի առաջ այս հակադրությունը ձևակերպել է հայ օրենսգետ Մխիթար Գոշը․ «Թագաւորք, կարգեալք յԱստուծոյ, որպէս Իսրայէլին, յԱստուծոյ բարձցին կամ աքսորեսցին, իսկ ի մարդկանէ կացեալք՝ ի նոցունց աքսորեսցին»2։ Այսինքն՝ Աստծուց կարգված թագավորներին Աստված կարող է գահընկեց անել, իսկ մարդկանց կողմից նշանակվածներին՝ հենց մարդիկ (հմմտ․ Դանիել 3․21)։
    • Ինչո՞ւ սա հիշեցի։ Բանն այն է, որ ինչպես էներգիան է հիմնարար ֆիզիկայի և մարդկային կենսագործունեության համար, այնպես էլ լեգիտիմությունը՝ քաղաքագիտության և հանրային կյանքի համար։ Ո՞րտեղից է ծագում այն, ո՞ւմից, ի՞նչպես վերարտադրել։ Սրանք, ինչպես նշեցի, հիմնարար հարցեր են, որ զբաղեցնում են ոչ միայն գիտնականներին, այլև քաղաքական դերակատարներին։
    • Հենց այս հարցերին է այսօր բախվում նաև հայոց քաղաքական դաշտը։ Այն մի կողմից կաշկանդված է լեգիտիմության վերաբերյալ տիրապետող լիբերալ-սահմանադրական հղացքով, այն է՝ իշխանությունը ծագում է ժողովրդից։ Մյուս կողմից իրական կյանքի պայմանները հուշում են, որ Հայաստանը գտնվում է օտարերկրյա հարկադրանքի ներքո, ինչն ինքնըստինքյան անհամատեղելի է լիբերալ-սահմանադրականության հետ, քանզի հավաքականորեն անազատը չի կարող ազատ կամարտահայտություն ունենալ։
    • Այս հակադրության մի հետաքրքիր դրսևորում էր ընդդիմության այսօրվա հայտարարության մեջ հանդիպող «550 հազար քաղաքացիների՝ ընդդիմությանը համոզումով տրված արժանապատիվ քվե» արտահայտությունը։ «Քվե» բառից առաջ «արժանապատիվ» որակական մակդիրի կիրառումը հայոց ընդդիմադիր դաշտի փորձն է՝ վիճարկելու լիբերալ-սահմանադրականության ներկայիս ոգուց բխող այն դոգմատը, թե իբր լեգիտիմությունը բխում է քվեների քանակական-թվաբանական կույտից։ Բայց այսօրինակ վիճարկումը պահանջում է պատասխանել մի շատ պարզ ու բարդ հարցի․ «բա ուրիշ ի՞նչից կարող է բխել լեգիտիմությունը 21-րդ դարում»…
    • Հայոց փիլիսոփայական ասպարեզը կարոտ է այս հարցի պատասխանին, ինչն անհնար է առանց Հայաստանի վերջին քառասուն տարվա պատմության և ներկայիս ու գալիք մարտահրավերների գիտատեսական վերաիմաստավորման։ Միայն դա կարող է բերել Հայաստանի և հայության վերազարթոնքի տեսական մշակումներին և կիրառական գործադրումներին։ Եվ այդ դեպքում վազգենսարգսյանական 21-րդ դարն իսկապես մերը կլինի, իսկ ներկա իշխանություններից ազատվելը կդառնա, ժողովրդական լեզվով ասած, մեջներից ամենահեշտ բանը։
    1) РГАДА, ф. 79 (сношения с Польшей), «Книга Польского двора», № 13 (1581-1582 гг.), лл. 43-65 об.
    2) Մխիթար Գոշ, Գիրք Դատաստանի, Գլուխ ՄԼ, Վասն աքսորելոյ թագաւորաց։
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

  • Իսկ այս ընթացքում թշնամի Ադրբեջանում «Տաշիր» հայկական տեղանունը հուշիկ քայլերով …

    Իսկ այս ընթացքում թշնամի Ադրբեջանում «Տաշիր» հայկական տեղանունը հուշիկ քայլերով դարձավ «Դաշ յերի» (բռց․՝ Քարատեղ)։
    Տե՛ս այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» կայքը։
    – Չուտողի մալը ուտողին հալալ ա կամ որ նույնն է թե yeməyənin malı yeyənə halaldır,- ասում է ժողովրդական առածը։ Ըստ որում՝ բոլորիս է ասում, բոլորիս է խրատում…
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

  • ԱՐՑԱԽԻ ՏԱՐԱԾՔՆ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ԷՎերջերս մեր Հայկական համալսարանում դասախոսության ժամա…

    ԱՐՑԱԽԻ ՏԱՐԱԾՔՆ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ Է
    Վերջերս մեր Հայկական համալսարանում դասախոսության ժամանակ ունկնդիրներից մեկը հարց տվեց, թե ինչպես կընթանար պատմությունը, եթե 1993 թ․ ամռանը, տեղի տալով Լևոն Տեր-Պետրոսյանի ճնշումներին, մենք հանձնեինք Քարվաճառը։ Կարճ պատասխանեցի, որ 1993 թ․-ից սկսած՝ որևէ մի պայմանով, որևէ մի դասավորությամբ, որևէ մի շրջանի հանձնման հետևանքները մոդելավորելու համար պետք է հայացք գցել այսօրվա քարտեզին, այսինքն՝ ի վերջո հանձնումը հանգեցնելու էր այսօրվա վիճակին։
    Ցավոք, Հայաստանը ժամանակավորապես անկում է ապրել ոչ թե ոչմիթիզական կամ հայդատական լինելու պատճառով, այլ ընդհակառակը՝ այդպիսին չլինելու պատճառով։ Ձեր խոնարհ ծառան իր մասնագիտական գործունեության առաջին իսկ օրերից փորձել է ջանք թափել այս մտայնության տարածման համար։ Ներկայացնում եմ հատված «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի (16 մայիս 2014, թիվ 86 (5895), էջ 3) էջերում 20 տարեկան հասակումս գրած «Արցախի տարածքն անբաժանելի է» հոդվածից, որտեղ հիմնավորում եմ «7 շրջանների» հանձնման անթույլատրելիությունը․
    «Նախքան Արցախյան ազատամարտը այդ տարածքները հիմնականում ադրբեջանաբնակ եւ քրդաբնակ էին. միջնադարից սկսած՝ պարսից շահերի եւ թաթար խաների հետեւողական քաղաքականության պատճառով՝ դրանք աստիճանաբար հայաթափվել են, ինչի նպատակը Արցախն ու Սյունիքը միմյանցից անջատելն էր։ Ի հետեւանս այս գործընթացի՝ դաշտային եւ մերձգետաբերանային հատվածները բռնվում էին օտար տարրերի կողմից, իսկ հայերիս բաժին էին մնում լեռնային շրջանները։
    Քաղաքական աշխարհագրության տեսանկյունից, սակայն, նշված ամբողջ տարածքը կազմում է մեկ տնտեսա-երկրաքաղաքական ամբողջություն եւ վարչաքաղաքական առումով անջատ գոյություն ունենալ չի կարող։ Սա հասկանում են նաեւ ադրբեջանցիները։ 1919թ. Ղարաբաղի՝ Բաքվից նշանակված նահանգապետ Խոսրով բեկ Սուլթանովն այս մասին գրել է. «Ղարաբաղի դաշտավայրից պոկված լեռնամասի ազգաբնակչությունը սովից կկոտորվի, դաշտավայրի բնակչությունն էլ առանց լեռների կկործանվի թե՛ տնտեսապես (անասնաբուծություն) եւ թե՛ ֆիզիկապես (մալարիա)։ …Ընդունենք իբրեւ անժխտելի ճշմարտություն, որ Ղարաբաղը տնտեսապես եւ քաղաքականապես անբաժան է»։ Այստեղից էլ նահանգապետը բխեցնում էր, որ այդ ամբողջությունը պետք է պատկանի Ադրբեջանին, քանի որ Ղարաբաղը նաեւ դուռ է դեպի Զանգեզուր եւ Նախիջեւան։
    Այս առումով ամենեւին պատահական չէ, որ Սյունիքի եւ առհասարակ՝ ամբողջ ՀՀ տարածքի հանդեպ նկրտումները Ադրբեջանում ցայսօր շարունակություն ունեն, այդ թվում՝ երկրի նախագահի մակարդակով։ Իսկ դառնալով Ղարաբաղի տարածքի միասնականությանը՝ պետք է նշենք, որ 1921թ., երբ Կովկասյան բյուրոյի պլենումը որոշում ընդունեց երկրամասը «թողնելու» Ադրբեջանի կազմում, հիմնավորումը նույնպես տարածքի ամբողջականությունն էր ու տնտեսական կապը Բաքվի հետ։ Անշուշտ, այս պարագան չի կարող զանց առնվել բանակցությունների ժամանակ
    »։
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

  • «ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԻ» ՄԱՍԻՆՀակաՀայաստանը Հայաստանի մետաֆիզիկական ինվերսիան է։ Սա ես սահ…

    «ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԻ» ՄԱՍԻՆ
    ՀակաՀայաստանը Հայաստանի մետաֆիզիկական ինվերսիան է։ Սա ես սահմանել եմ դեռ 2020 թ․-ի նոյեմբերին։ Ինչպես մակաբույծը, ինչպես վիրուսը, որ սնվում են միջավայրի առողջ տարրերից՝ այդ նույն միջավայրը կործանելու համար, այնպես էլ հակաՀայաստանն է սնվում Հայաստանից՝ Հայաստանը կործանելու համար։
    Դիցուք՝ Հայաստանի համար Պապ թագավորը մեկն է, որ Նպատ լեռան լանջին՝ Ձիրավի դաշտում, ճակատամարտ էր տալիս Հայաստանի անկախության համար։ ՀակաՀայաստանի համար Պապի աղճատված և խեղաթյուրված կերպարը միջոց է պետությունն ու եկեղեցին արհեստականորեն իրար հակադրելու, այսինքն՝ Հայաստանը կործանելու համար։
    Կամ եթե Հայաստանի համար Եղիշե Չարենցը հայկական հայրենասիրության տարբեր իպոստասիաներ մարմնավորող հանճար է, ապա հակաՀայաստանի համար վերջինիս ընդամենը մեկ ստեղծագործության խեղաթյուրված մեկնաբանությունը կապիտուլյացիան արդարացնելու, այսինքն՝ Հայաստանը կործանելու միջոց է։
    Խնդիրն Ամիրյանն ու Պապը չեն։ Խնդիրը մեր մեջ բույն դրած վիրուսն է, որը սնվում է մեր իսկ կենսական նյութերից՝ մեր իսկ կյանքին վերջ տալու համար։ Հայաստանը պետք է դուրս վանի իրենից հակաՀայաստանի վիրուսը, որ ապրի։
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

  • Այսօր հունիսի 22-ն է։ 1941 թ․-ի այս օրը նացիստական Գերմանիան հարձակվեց Սովետական…

    Այսօր հունիսի 22-ն է։ 1941 թ․-ի այս օրը նացիստական Գերմանիան հարձակվեց Սովետական Միության վրա։
    Հենց նույն օրը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունն ընդունեց հրամանագիր՝ զորակոչելով 14 զինվորական շրջանների 14 տարիքային խմբերի զինապարտներին (ՌԴ ՊԱ, ֆ․ Р-7523, ց․ 4, գ․ 49, թ․ 21)։
    Խորհրդային ղեկավարությունը հասկանում էր, որ այն բանակը, որ հրամանագրի ստորագրման պահին գտնվում էր առաջնագծում, շուտով այլևս չի լինելու, և զորակոչի միջոցով պետք է ձևավորել փոխարինող բանակ։ Սա հաղթանակի պարզ անատոմիան է։
    2020 թ․ Հայաստանում պատերազմի երրորդ օրը դադարեցվեց զորքերի համալրումը, ևս 6 օր անց կոչ արվեց, թե բա «բռոնի ժիլետ վերցրեք տներից, էկեք կենաց մահու պատերազմի»։
    Առաջին դեպքում քաղաքական ղեկավարությունը ցանկանում էր հաղթել, երկրորդ դեպքում՝ ոչ։
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

  • 10-րդ դարի պատմիչ Ասողիկը՝ «եվրոկալբասիզմի», ինչպես նաև Հայաստանի երրորդ հանրապե…

    10-րդ դարի պատմիչ Ասողիկը՝ «եվրոկալբասիզմի», ինչպես նաև Հայաստանի երրորդ հանրապետության (1990-2018 թթ․) անկման պատճառների մասին։
    «Իսկ երբ որ գիրացանք, հաստացանք, լայնացանք ու ագահացանք՝ մոռանալով մեր սիրելի Աստծուն՝ խաղաղության և ամենայն բարիքների Արարչին*, քահանաները և ժողովուրդը, մեծամեծերն ու հասարակությունը լիացան հացով և հղփացան գինուց, ինչպես որ մարգարեն էր ասել**։ Եվ քանզի Աստծու ամեն բարությունների դիմաց չհիշեցինք նրան, չանսացինք նրա պատվիրաններին, մեր թշվառանալու և վշտի ժամին նա չլսեց մեր ձայնը, որքան էլ որ պաղատեցինք նրան***, այլ մատնեց մեր աշխարհն իսմայելացիների սրին…»։
    * Հմմտ․ «[Աստծու ժողովուրդը] գիրացավ, հաստացավ ու լայնացավ, լքեց Տեր Աստծուն՝ իր Արարչին» (Բ Օրինաց 32․15):
    ** Հմմտ․ «Քո քրոջ՝ Սոդոմի անօրենությունն այս էր՝ ամբարտավանություն, հացով լիացածություն, գինու մեջ հղփացածություն» (Եզեկիել 16․49)։
    *** Հմմտ․ ««Այնպես էլ նրանք պիտի կանչեն, և ես չեմ լսելու նրանց»,- ասում է Ամենակալ Տերը» (Զաքարիա 7․13)։
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

  • ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ Հաղթում են ոչ թե անհատները, այլ համակարգերը։ Համակարգի ուժը մ…

    ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ
    Հաղթում են ոչ թե անհատները, այլ համակարգերը։ Համակարգի ուժը մեծապես կախված է որոշումների որակից։ Որոշումների սթափ կայացման համար հարկավոր է մուտքային ինֆորմացիայի անաղարտություն։ Հակառակ դեպքում որոշում կայացնողներն սկսում են կառավարել մի աշխարհ, որ չկա, սիմուլյացիա է։
    Դիցուք՝ եթե Տնգլը պատասխանատու է տնգլաբուծության համար, ապա ռիսկը մեծ է, որ ղեկավարը երբեք ստույգ պատկերացում չի ունենա տնգլաբուծության մասին, եթե զեկուցողը հենց Տնգլը լինի։ Պատճառը պարզ է. ոչ ոք հեշտությամբ չի խոստովանի, որ իրեն վստահված ասպարեզում գործերը վատ են։
    Իսկ ի՞նչ լուծում կա այս խնդրին։ Փոքր համակարգերի դեպքում հարցը կարող է լուծվել գաղափարականացվածության միջոցով։ Եթե Տնգլը նվիրված է գաղափարին, ոչ թե աշխատավարձին, սրտացավ կերպով է իր գործն անում, ապա շանսը մեծ է, որ անկեղծորեն պատմի տնգլաբուծության հարցում խնդիրների մասին։ Իսկ մեծ համակարգերի դեպքում առանց Զնգլի անհնար է։ Զնգլը պետք է լինի մեկը, որ վերատեսուչ կլինի տնգլաբուծությանը և անկախ կերպով այդ մասին կզեկուցի ղեկավարին։
    Եթե ո՛չ սրտացավություն կա, ո՛չ ներհամակարգային վերահսկողություն, ապա իրավիճակի մասին զեկույցը դառնում է ոչ թե իրականության նկարագրություն, այլ սեփական պաշտոնը պահպանելու միջոց։
    Ազգային-ազատագրական պայքարը չի կարող վարվել քաղաքական կարիերա անելու մտքի շուրջ ստեղծված համակարգերով։ Իսկ վաղը … ֆուտբոլի աշխարհի առաջնությունն է 😊 ։
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar