Category: Hraparak.am

  • Պատգամավոր Հակոբ Ասլանյանը, որին մի քանի ժամվա մեջ ՔՊ-ն ափալ-թափալ հեռացրեց խմբա…

    Պատգամավոր Հակոբ Ասլանյանը, որին մի քանի ժամվա մեջ ՔՊ-ն ափալ-թափալ հեռացրեց խմբակցությունից՝ իր ընկեր Հովիկ Աղազարյանին աջակցող հայտարարություն անելու համար, մեր տեղեկություններով, որոշել է ընկերոջ ճանապարհով գնալ` չհանձնվել եւ չհանձնել մանդատը։ Ավելին, մեր աղբյուրներն ասում են, որ Ասլանյանը հնարավոր է նոր հայտարարություն անի՝ պարզաբանելով, որ իր, այսպես կոչված, զղջման տեքստը, որը հրապարակեց նույն օրը՝ ասելով, թե էմոցիոնալ հայտարարություն էր, հետ է վերցնում իր խոսքերը, միտումնավոր է հրապարակել, որ ցույց տա, թե թիմն իր հայտարարությունից հետո ինչ ճնշումներ է գործադրել:
    Ոմանք ուղղակի նախատել են, ոմանք, մասնավորապես՝ Մխիթար Հայրապետյանը, հորդորել են զղջման տեքստ հրապարակել։ Ասլանյանը պնդելու է, որ ինքն իրականում չի զղջացել եւ միտումնավոր է հրապարակել ԲՏԱ նախարարի հետ ֆեյսբուքյան չաթը, որ ցույց տա, թե ինչպես է իր վրա գրոհում իրեն դեմոկրատ հռչակած թիմը։

  • ԿԳՄՍՆ ենթակայության տակ գործող Նոյեմբերյանի պետական քոլեջում դասասենյակները ջեռո…

    ԿԳՄՍՆ ենթակայության տակ գործող Նոյեմբերյանի պետական քոլեջում դասասենյակները ջեռուցվում են փայտով ժանգոտած սովետական վառարաններով, ծակ խողովակներով։ Մինչ իշխանությունը 24/7 ռեժիմով խոսում է կրթվելու մասին, ակադեմիական քաղաք կառուցում, կրթության բարեփոխումներ հռչակում, սահմանամերձ համայնքում գտնվող պետական քոլեջում սառնամանիք է դասասենյակները տաքացնում են՝ ինչպես 19-րդ դարում։
    Լավ կլիներ, որ կառավարական առանձնատներում իր հանդիպումներին կարճաթեւ, բարակ զգեստներով նստած, կրթությունից ճառեր ասող տիկին Աննան այցելեր Նոյեմբերյանի պետական քոլեջ, որտեղ կրթությունը բոլորովին էլ «նորաձեւ» չէ, այլ նախնադարյան է: Հետո գար ամուսնուն պատմեր այդ մասին եւ ստիպեր, որ քաղաքակիրթ պայմաններ ապահովեն կրթվել ցանկացող նոյեմբերյանցի պատանիների համար: Տաք եւ բարեկեցիկ կացարաններում պետական միջոցների հաշվին, քաղքենի փիառ հավաքների փոխարեն դրանով շատ ավելի մեծ օգուտ տված կլիներ:

  • 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանում շրջանառության հարկի դրույքաչափը կրկնակի կ…

    2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանում շրջանառության հարկի դրույքաչափը կրկնակի կբարձրացվի, և կկրճատվի հարկային բեռի տարբերությունը ԱԱՀ-ի, շահութահարկի համեմատ։ Այդ փոփոխությունների արդյունքում առևտրի սուբյեկտների համար հարկը սահմանվում է 10 տոկոս, արտադրության դեպքում` 7 տոկոս, հանրային սննդի դեպքում` 12 տոկոս։ Միկրոձեռնարկատիրության որոշ տեսակներ դուրս կբերվեն շրջանառության հարկի այս համակարգից, դրանք են նոտարական, փաստաբանական, վիճակախաղերի կազմակերպման ծառայությունները, որոնք կանցնեն ավելացված արժեքի հարկման դաշտ եւ նրանց հարկերը միանգամից մի քանի անգամ կավելանան, ինչի դեմ գոնե փաստաբանները մեկ տարի համառ պայքար մղեցին, բայց ոչնչի չհասան։ Բանն այն է, որ պետական բյուջեի եկամուտները կրճատվել են եւ շարունակում են կրճատվել, իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը շարունակում է շքեղ ապրել, անիմաստ ծախսեր անել, աշխարհով մեկ պտտվել եւ նրանց շատ փող է պետք, ուստի որոշեցին այդ փողը «քերել» հարկատուներից:

  • Դեկտեմբերի 18-ին ժամը 19։00-ին Factor TV-ի ուղիղ եթերում կբանավիճեն Երևանի գործո…

    Դեկտեմբերի 18-ին ժամը 19։00-ին Factor TV-ի ուղիղ եթերում կբանավիճեն Երևանի գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

  • Ռուսական կողմը հույս ունի, որ Նիկոլ Փաշինյանը, ինչպես բոլոր հրավիրվածները, կմասն…

    Ռուսական կողմը հույս ունի, որ Նիկոլ Փաշինյանը, ինչպես բոլոր հրավիրվածները, կմասնակցի դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հաղորդել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
    «Բոլորը հրավիրված են, այսօր դեռ դեկտեմբերի 16-ն է, իսկ ձեր նշած միջոցառումները նախատեսվում են փոքր-ինչ ուշ, հուսով ենք՝ բոլոր նրանք, ում հրավիրել ենք, կգան Սանկտ Պետերբուրգ, այդ թվում՝ Նիկոլ Վովայի Փաշինյանը»,- ասել է փոխնախարարը։

  • ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանն…

    ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանն այսօր ներկա է գտնվել Աննա Հակոբյանի հետ հերթական հանդիպմանը։ Հիշեցնենք, որ Հակոբյանը «կրթությունը նորաձեւ է» թեմայով հերթական հանդիպումն է անցկացրել հանրությանն անհայտ անձանց հետ, որոնց մեջ առավել հայտնին եղանակի տեսություն հաղորդող Գագիկ Սուրենյանն է։ Հակոբյանը տեսանյութին կից նույն տեքստ է հրապարակել, ինչ նախորդ հանդիպումների ժամանակ, թե պետք է կրթվելը դարձնել թրենդ, եւ այլն։ Պարզապես հետաքրքիր է, թե եղանակի տեսության մասին բարձրաձայնող Սուրենյանն ինչպես է կրթելու իր լսարանին։

  • ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին առնչվող գործով Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական …

    ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին առնչվող գործով Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել: Հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
    Վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելը)։

  • «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ իրավապահները խուզարկել են Արագածոտնի մարզպետ Սեր…

    «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ իրավապահները խուզարկել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական-խորհրդական Արմեն Մարկոսյանի մեքենան։ Խուզարկության արդյունքում հայտնաբերվել է խոշոր չափի թմրանյութ։
    Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ նոր է իմացել, դեռ չի ճշտել, բայց կասկածում է։ «Մի բան այն չէ»,-ասաց նա։
    ՆԳՆ-ից մեզ ասացին, որ Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները՝ իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունը, դեկտեմբերի 16-ին Ագարակ-Աշտարակ ճանապարհահատվածից ապօրինի թմրամիջոց պահելու հիմնավոր կասկածով ձերբակալել, բաժին են տեղափոխել մի տղամարդու, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 11,5 գրամ դեղնականաչավուն զանգված։ Կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին ուղարկելու համար։