Category: Vardan Voskanyan

  • Այս տարվա հունվարի կեսերից ԶԼՄ-ների մակարդակում պարբերաբար քարոզչական գրոհներ են…

    Այս տարվա հունվարի կեսերից ԶԼՄ-ների մակարդակում պարբերաբար քարոզչական գրոհներ են իրականացվում Իրանի դեմ առ այն, թե ուր որ է ԱՄՆ-ը ռազմական հարված կհասցնի այս երկրին։
    Հարվածը սակայն արդեն գրեթե երկրորդ ամիսն է տեղի չի ունենում, քանի որ Իրանը դրա հետևանքների գինը թե՛ ԱՄՆ-ի և թե՛ ողջ տարածաշրջանի համար չափազանց շատ է բարձրացրել, ինչի ակնկալիքը, դատելով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Վիթքոֆի այն խոսքերից, որ նախագահ Թրամփը զարմացած է, թե հսկայական ամերիկյան զինուժի սպառնալիքին դեմ հանդիման Իրանը ինչո՞ւ չի հանձնվում, Վաշինգտոնում չի եղել։
    Մերձավոր Արևելքի դառը ճշմարտությունն այն է, որ հանձնվելը հավասարազոր է ոչ միայն պատվազրկման, այլ նաև միգուցե դանդաղ, բայց հաստատապես մահվան, իսկ Իրանում այս ճշմարտությունը գիտակցում են արդեն հազարամյակներ շարունակ։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Ակնհայտ է, որ մինչև այս պահն ԱՄՆ-ի նախագահ Թրամփը չունի Իրանի վրա հարձակման որևէ…

    Ակնհայտ է, որ մինչև այս պահն ԱՄՆ-ի նախագահ Թրամփը չունի Իրանի վրա հարձակման որևէ լավ ընտրանք, ինչը նրան հնարավորություն կընձեռեր իրականացնել տպավորիչ և կարճաժամկետ ռազմական գործողություն՝ հայտարարելով հերթական հաղթանակի մասին։
    Հռետորաբանությունն այլ բան է, հողի վրա առկա իրականությունն՝ այլ։ Եվ թերևս հենց այս մասին են խոսում նաև պարբերաբար ԶԼՄ-ներ ապրդող այն լուրերը, թե ամերիկյան բարձրաստիճան զինվորականները չափազանց ռիսկային են համարում Իրանի վրա հարձակումը։
    Իրանական կոշտ դիրքորոշումը, որի համաձայն՝ ոչ մի ամերիկյան սահմանափակ հարվածի մասին խոսք լինել չի կարող և պետք է լինի խնդրի լուծում՝ կա՛մ դիվանագիտական ճանապարհով, կա՛մ լայնածավալ տարածաշրջանային պատերազմի միջոցով զգալի ռիսկեր է ի հայտ բերում թե՛ ամերիկյան կողմի և թե՛ տարածաշրջանային դերակատարների համար՝ պաշտոնական Վաշինգտոնին ստիպելով երկար ծանրութեթև անել ռազմական ուղով գնալու նպատակահարմարությունն ու արդյունավետությունը։
    Թեև ոչ ոք չի կարող վստահաբար պնդել, թե ինչպես կհանգուցալուծվի վտանգավոր այս ճգնաժամը, սակայն պարզ է, որ հնարավոր պատերազմն իրանցիները դիտարկելու են գոյութենական հարց՝ կենաց-մահու կռիվ, և գործելու են հենց նման տրամաբանությամբ։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Թե ասա՝ ձեզ ի՞նչ, լկտիաբար ամեն տեղ քթերը խոթում են։ Մեկ էլ «թշնամի» բառն այստեղ…

    Թե ասա՝ ձեզ ի՞նչ, լկտիաբար ամեն տեղ քթերը խոթում են։
    Մեկ էլ «թշնամի» բառն այստեղ հաճոյախոսություն է։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan

  • 1989թ., երբ 17-ամյա պատանիս՝ որպես ուսանող, մուտք գործեցի ԵՊՀ Իրանագիտության ամբ…

    1989թ., երբ 17-ամյա պատանիս՝ որպես ուսանող, մուտք գործեցի ԵՊՀ Իրանագիտության ամբիոն / YSU Department of Iranian Studies, երբեք չէի պատկերացնի, որ ոչ միայն կդառնամ այդ նույն համալսարանի պրոֆեսոր և ամբիոնի վարիչ, այլ նաև կարժանանամ Իրանի Պարսից լեզվի և գրականության ակադեմիայի պատվավոր անդամի ոչ պակաս պարտավորեցնող կոչմանը։
    Այդ կոչումը հաստատող պաշտոնական վկայագիրը Հայաստանում Իրանի դեսպանի կողմից այսօր հանձնվեց նվաստիս նույն այն պատերից ներս, որտեղ սերտել եմ ուսուցիչներիս դասերը և դասավանդում եմ աշակերտներիս՝ ձգտելով բարձր պահել արևելագիտական և իրանագիտական հայկական դպրոցի պատիվն ու ապահովել դրա անընդմեջ շարունակականությունը և զարգացումը։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan

  • Ամերիկյան ոչ պաշտոնական աղբյուրները պնդում են, թե Պենտագոնը այս շաբաթվա վերջ պատ…

    Ամերիկյան ոչ պաշտոնական աղբյուրները պնդում են, թե Պենտագոնը այս շաբաթվա վերջ պատրաստ կլինի Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողություններին։
    Մյուս կողմից Իրանը նաև արտգործնախարար Արաղչիի նախկինում արած հայտարության համաձայն՝ նույնպես պատրաստ է, թե՛ ռազմական և թե՛ դիվանագիտական լուծումների տարբերակներին։
    Իրական հողի վրա կողմերն իրականացնում են նշանակալի զորաշարժեր։ ԱՄՆ-ը ավելացնում է տարածաշրջանում իր զինուժը, իսկ Իրանը պատմության մեջ առաջին անգամ մասնակիորեն փակում է Հորմուզի նեղուցը, որին անմիջապես հաջորդում է ռուս-իրանական համատեղ ծովային զորավարժություն։
    Երկու կողմերից էլ այս ամենը «տարօրինակորեն» ուղեկցվում է չափազանց մեծ աղմուկով, ինչը ցուցիչ է, որ թե՛ Թեհրանը և թե՛ Վաշինգտոնը ցանկանում են, որ հակառակորդը և տարածաշրջանային տերությունները տեսնեն իրենց հնարավորությունները, քանի որ պատկերավոր ասած՝ բանակցությունները օգտակար են, բայց դրանք ավելի օգտակար կարող են դառնալ, եթե բանակցողի գրպանում ատրճանակ կա և այդ ատրճանակի փողը տեսանելի է հակառակ կողմի համար։
    Մինչդեռ դատելով, թե փոխնախագահ Վենսի, թե Սպիտակ տան խոսնակի և թե Իրանի արտգործնախարար Արաղչիի հայտարարություններից բանակցային բնույթի դիվանագիտական շփումները շարունակվելու են առնվազն առաջիկա շաբաթների ընթացքում։
    Արդյո՞ք սա նշանակո՞ւմ է, թե վաղը պատերազմ չի սկսվի, ոչ ոք չգիտե։ Այս պահին կարծում եմ դա չգիտե նաև ԱՄՆ նախագահ Թրամփը, որն ակնհայտորեն դեռևս նման որոշում չունի։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Օմանի միջնորդությամբ Ժնևում ավարտվեց ԱՄՆ-Իրան անուղղակի շփումների երկրորդ փուլը…

    Օմանի միջնորդությամբ Ժնևում ավարտվեց ԱՄՆ-Իրան անուղղակի շփումների երկրորդ փուլը։
    Լիարժեք և ուղղակի երկկողմ բանակցությունների մասին խոսելը դեռևս վաղ է։ Ամբողջովին պարզ չէ նաև դրանց օրակարգը, սակայն իրանական կողմից հստակ մատնանշվել են «կարմիր գծեր»՝ Իրանը բանակցելու է միայն միջուկային ծրագրի և դրա դիմաց՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման շուրջ, և չի քննարկելու հրթիռային ծրագիրն ու տարածաշրջանային իր արբանյակ ուժերի խնդիրը։
    Միջուկային ծրագրի շրջանակներում նույնպես Թեհրանի կողմից սահմանվել են սկզբունքներ՝ Իրանն ունենալու է խաղաղ միջուկային ծրագիր և դրա շրջանակներում ուրանի սեփական հարստացում, արդեն իսկ առկա 60 տոկոս և ավելի հարստացված ուրանի պաշարը դուրս չի բերվելու երկրից, սակայն հնարավոր է դրա հարստացման մակարդակի նվազեցում։
    Դատելով Իրանի արտգործնախարար Արաղչիի հայտարարություններից՝ կողմերի դիրքորոշումները դեռևս հեռու են միմյանց մոտ լինելուց, սակայն հստակեցվել են «ուղեցույց սկզբունքներ» և առկա է դրական ֆոն։
    Այս ամենին զուգահեռ պատերազմական անզիջում հռետորաբանությունը պահպանվում է երկու կողմերից էլ, ինչը ցուցիչ է, որ բանակցային ուղուն զուգահեռ, կողմերը միմյանց վրա գործադրում են նաև ռազմական ներգործության սպառնալիքի գործիքակազմ։
    Եթե ԱՄՆ-ն այս պահին առաջնորդվում է անգլիական հայտնի «նավատորմի սպառնալիքով զսպում» («fleet in beeing») սկզբունքով, ապա Իրանն օգտագործում է «տարածաշրջանային պատերազմի սպառնալիքով զսպում» մեթոդաբանությունը, որը կարելի է դիտարկել՝ որպես իրանական նորամուծություն։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Այսօր այցելեցինք քաղաքակրթական Հայաստանի հերթական գողտրիկ անկյունը՝ Լուսաձոր գյո…

    Այսօր այցելեցինք քաղաքակրթական Հայաստանի հերթական գողտրիկ անկյունը՝ Լուսաձոր գյուղի մոտակայքի Խավարաձոր գյուղատեղին և դրա դիմացի ժայռերում թաքնված չորս քարայներից երեքը՝ «Եղունիկի էր (Աղունիկի քարայր»), «Սլուլիկ էր (Սուրուլիկ քարայր)» և «Ղազարի էր (Ղազարի քարայր»), չգնացինք միայն «Մութնը էր (Մութ քարայր):
    Տավուշի բարբառում «էր» բառը գրական բարձրաոճ հայերենի գրաբարյան «այր» ձևի աշխարհաբարում բնիկ զարգացումն է, ինչպես «հեր» — «հայր», «գել» — «գայլ» , իսկ Տավուշից բացի՝ այն լսել եմ նաև Լոռիում։
    Բարբառների երկու խոշոր խմբում «քարայր, քարանձավ» հասկացության համար լսել եմ «զաղա» և «քահա», մի տեղ էլ՝ «մաղարա», բայց վստահաբար այլ ձևեր էլ կլինեն։
    Հայաստանի հզոր քաղաքակրթական ժառանգությունը ոչ միայն հուշարձաններն են, այլև մեր լեզուն, որը հազարամյակների խորքից, դիցուք՝ կենդանի «էր» բնիկ հայկական ձևը հասցրել է մեզ, իսկ Հայաստանի տարածքի ցանկացած կրճատում նշանակում է նաև հայերենի կորուստ, ուստի մեր սրբազան հողի ամեն թիզի պահպանումը նաև մի լրացուցիչ թիզ հայերեն պահպանել է։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իսրայելի վարչապետ Նեթանյահուի՝ նախատեսված ժամկետից շուտ այցը Վաշինգտոն ցուցիչ է,…

    Իսրայելի վարչապետ Նեթանյահուի՝ նախատեսված ժամկետից շուտ այցը Վաշինգտոն ցուցիչ է, այն բանի, որ Իրան-ԱՄՆ սպասվող բանակցությունների նախանշված օրակարգը չի բխում Թել-Ավիվի շահերից։
    Իրանական կողմը սահմանափակել է այդ օրակարգը բացառապես միջուկային խնդրով, մինչդեռ Իսրայելն անհանգստացած է նաև Իրանի հրթիռային ծրագրով և այս երկրի տարածաշրջանային արբանյակների հարցով, որոնք Թեհրանը չի պատրաստվում դարձնել բանակցության առարկա։
    Մյուս կողմից իրանական դիվանագիտական արդյունավետ ջանքերով և նաև տարածաշրջանային օբյեկտիվ իրողություններով պայմանավորված, Իրանի շուրջ ստեղծվել է մերձավորարևելյան պետությունների յուրատեսակ «դիվանագիտական բուֆեր», որը ներառում է Թուրքիան, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ը, Կատարը, Օմանը, Եգիպտոսը և Պակիստանը, որոնք նկատելի ճնշում են գործադրում Վաշինգտոնի վրա՝ բացառելու ԱՄՆ-Իրան ռազմական բախումը։
    Այս առումով նախագահ Թրամփի վարչակազմի դիվանագիտական հատվածը հայտնվել է դժվարին իրավիճակում, երբ անհրաժեշտություն է առաջացել հաշվի առնելու մի կողմից իսրայելական, իսկ մյուսից՝ տարածաշրջանի իր այլ դաշնակիցների՝ իսրայելականին արմատապես հակադիր շահերը։
    Հաջողության դեպքում ավելի հեռագնա տեսլականում նշված տարածաշրջանային «դիվանագիտական բուֆերը» նաև Իրանի ներգրավվածությամբ որոշակի ներուժ ունի վերածվելու աշխարհաքաղաքական շոշափելի ինքնուրույնությամբ առանձին բևեռի, բայց առայժմ առկա են դրա միայն թույլ նախանշանները, որոնք կա՛մ կզարգանան, կա՛մ կմարեն։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Ուշագրավ է, որ երեկ Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցից հետո տեղի ունեցա…

    Ուշագրավ է, որ երեկ Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցից հետո տեղի ունեցած համառոտ մամուլի ասուլիսի ընթացքում հնչած չորս հիմնական և մեկ լրացուցիչ հարցերից երեքն Իրանի մասին էին, ընդ որում բոլոր երեքն էլ՝ հենց ամերիկյան լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից։
    Սա ևս մեկ ցուցիչ է այն բանի, թե որքան կարևոր է ԱՄՆ-ի համար Իրանի հետ հարաբերությունների խնդիրը, որի համատեքստում, ցավոք, Հայաստանը ոչ մի միջնորդական առաքելություն չի էլ ձգտում իրականացնել՝ փորձելու բարձրացնել աշխարհաքաղաքական իր կշիռը և նաև ստանալ որոշակի առանձնաշնորհյալ կարգավիճակ երկու կողմերի մոտ էլ։
    Հենց նման բարդ իրավիճակներում են Հայաստանի պես պետությունների համար ի հայտ գալիս ոչ միայն ռիսկեր, այլ նաև հնարավորություններ, որոնք իրացնելը դժվարին, բայց պատվաբեր և օգտավետ գործ է, իսկ բաց թողնելն՝ աններելի շռայլություն։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի ունեցած Իրանի և ԱՄՆ-ի անուղղակի բանակցություններ…

    Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի ունեցած Իրանի և ԱՄՆ-ի անուղղակի բանակցություններն առայժմ վկայում են ոչ թե կողմերի դիրքորոշումների մերձեցման, այլ կառավարվող առճակատման պահպանման մասին՝ լարվածության թուլացման որոշակի դրական ազդակներով, որոնք հաղորդել էր հատկապես Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ գնահատելով այսօր տեղի ունեցածը՝ որպես «լավ սկիզբ»։
    Օմանի միջնորդական դերակատարումը և կողմերի միջև առայժմ անուղղակի շփումը կրկին ցույց են տալիս, որ նրանք դեռ պատրաստ չեն ուղիղ քաղաքական երկխոսության, սակայն նաև չեն ցանկանում փակել դիվանագիտական խողովակները։
    Իրանի համար այս ձևաչափը հնարավորություն է պահպանելու բանակցային լեգիտիմությունը՝ առանց զիջումների «կարմիր գծերում», ինչը կրկին հաստատվել է Իրանի արտգործնախարարի այն հայտարարությամբ, որ քննարկվել է միայն միջուկային խնդիրը։
    Օմանի ներգրավվածությունը ոչ միայն տեխնիկական միջնորդություն է, այլ յուրատեսակ «բուֆեր», որի միջոցով կողմերը փոխանակում են ազդակներ՝ առայժմ փորձելով չափել միմյանց դիմադրողականությունն ու քաղաքական կամքը։
    Այս գործընթացը պետք է դիտարկել տարածաշրջանային լարվածության, ուժերի վերադասավորման և փոխադարձ զսպման համատեքստում, իսկ այօրվա բանակցությունները ավելի շատ միմյանց դիրքորոշումները շոշափելու և հասկանալու փորձ էր, որի արդյունքները պետք է փոխանցվեն Թեհրան և Վաշինգտոն՝ հետագա որոշումների կայացման համար։
    Հիմնական հարցը, սակայն, մնում է բաց՝ արդյո՞ք այս միջնորդական ձևաչափը կարող է վերածվել գործնական արդյունքի, թե կսահմանափակվի միայն լարվածության կառավարմամբ։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan