Category: Vardan Voskanyan

  • Մոտ չորս ժամ անդադար Իրանը հրթիռներով և անօդաչուներով հարվածներ է հասցնում Իսրայ…

    Մոտ չորս ժամ անդադար Իրանը հրթիռներով և անօդաչուներով հարվածներ է հասցնում Իսրայելին և Պարսից ծոցի տարածաշրջանի ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին։
    Ամենայն հավանականությամբ, սա նոր իրանական մարտավարություն է, որն այս պահին անակնկալի է բերել պատերազմ սանձազերծած կողմերին, որոնք կարծես միայն պատրաստ էին «հարված-դադար-պատասխան» արդեն ծանոթ սցենարին, մինչդեռ պատասխանը շարունակական է։
    Իրանական ԶՈւ-ի ներկայացուցիչները պնդում են, որ այս մարտավարությունը պահպանվելու է առնվազն առաջիկա ժամերին։
    Միայն Իրանի ռազմական կարողություններին քաջածանոթ փորձագետները կարող են վերլուծել,, թե ինչպիսին են իրանական հրթիռների և ԱԹՍ-ների պաշարները և դրանց համալրման ռեսուրսը, սակայն փաստն այն է, որ Իրանի պատասխանն առայժմ չի դադարում։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրանական աղբյուրները հաղորդում են Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարձակման նոր ա…

    Իրանական աղբյուրները հաղորդում են Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարձակման նոր ալիքի մասին։
    Պարսից ծոցի տարածաշրջանում, բացի Օմանից, մնացյալ բոլոր պետությունների տարածքում ամերիկյան ենթակառուցվածքներն արդեն իսկ թիրախավորվել են։
    Ամփոփելով այս պահի դրությամբ առկա տեղեկատվությունը, պարզ է, որ Իրանը դիմացել է հարվածի առաջին ալիքներին և կարողացել պատասխան հարվածներ հասցնել։
    Մերձավոր Արևելքի ողջ տարածքն այժմ, ցավալիորեն, պատերազմի փաստացիորեն մեկ գոտի է, ինչը հղի է ծանրագույն հետևանքներով անխտիր բոլոր տարածաշրջանային երկրների համար։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրանական աղբյուրները հաղորդում են Բահրեյնում, ԱՄԷ-ում, Քուվեյթում և Կատարում ԱՄՆ…

    Իրանական աղբյուրները հաղորդում են Բահրեյնում, ԱՄԷ-ում, Քուվեյթում և Կատարում ԱՄՆ-ի ռազմակայանների ուղղությամբ հրթիռային հարվածի մասին։
    Եթե դեպի Իսրայել արձակվող իրանական հրթիռները միջին հեռահարության են, ապա Պարսից ծոցի շրջանի ամերիկյան ռազմական ենթակառուցվածքները խոցելի են նաև կարճ հեռահարության հրթիռներով, որոնց քանակն անհամեմատ ավելի մեծ է իրանական զինանոցում։
    Իսրայելական հեռուստաալիքներից մեկի մեկնաբանը, նշել է, որ իրանցիները, 12-օրյա պատերազմի համեմատությամբ, պատասխան հարվածները շատ օպերատիվ և լավ են հասցնում։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • ԱՄՆ-ի նախագահ Թրամփի այսօրվա ելույթը նշանակում է մի բան՝ Իրանի դեմ պատերազմի նպա…

    ԱՄՆ-ի նախագահ Թրամփի այսօրվա ելույթը նշանակում է մի բան՝ Իրանի դեմ պատերազմի նպատակը ոչ մի այլ բան չի լինելու, քան այդ երկրում իշխանության փոփոխությունը՝ թեկուզ իշխանական համակարգի ներսում ներքին փոխատեղումների միջոցով։
    Եթե պարզվի, որ Թեհրանում կառավարական շենքերին հասցված իսրայելական հարվածների հետևանքով Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության շրջանում զոհեր չեն եղել, իսկ առայժմ նման հաստատված տեղեկություն չկա, ապա պարզ կդառնա, որ հարձակման առաջին ալիքն իրականում անարդյունավետ է եղել։
    Եթե իսրայելական հարվածի նպատակները եղել են՝ ներքաշել ԱՄՆ-ին պատերազմի մեջ, գլխատել Իրանի ռազմաքաղաքական համակարգը՝ դրանում բանալի անձանց սպանությամբ և հրահրել ներքին անկայունություն հենց համակարգում, իսկ դրան զուգահեռ նաև Թեհրանի փողոցներում, ապա առայժմ հաջողվել է դրանցից միայն մեկը՝ ԱՄՆ-ի ներգրավումը։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Առայժմ վստահաբար հայտնի է, որ իսրայելական հարվածները թիրախավորել են Թեհրանում մի…

    Առայժմ վստահաբար հայտնի է, որ իսրայելական հարվածները թիրախավորել են Թեհրանում մի քանի նախարարությունների շենքերը և այլ ոչ ռազմական նշանակության օբյեկտներ։
    Չհաստատված տեղեկություն կա, որ թիրախավորվել են նաև իրանական ՀՕՊ համակարգի հանգույցներ Ղոմի և Քերմանշահի հատվածներում։
    Հասցված վնասների մասին հստակ տեղեկատվություն չկա։
    Չնայած տարբեր ԶԼՄ-ներում պարբերաբար հաղորդվող լուրերի, ԱՄՆ-ն առայժմ որևէ պաշտոնական հայտարարություն չի արել այս գործողությանն իր մասնակցության մասին։
    Իսրայելում արտակարգ իրավիճակ է, և բոլորն անխտիր պատրաստվում են իրանական հրթիռային պատասխան հարվածին։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Այս տարվա հունվարի կեսերից ԶԼՄ-ների մակարդակում պարբերաբար քարոզչական գրոհներ են…

    Այս տարվա հունվարի կեսերից ԶԼՄ-ների մակարդակում պարբերաբար քարոզչական գրոհներ են իրականացվում Իրանի դեմ առ այն, թե ուր որ է ԱՄՆ-ը ռազմական հարված կհասցնի այս երկրին։
    Հարվածը սակայն արդեն գրեթե երկրորդ ամիսն է տեղի չի ունենում, քանի որ Իրանը դրա հետևանքների գինը թե՛ ԱՄՆ-ի և թե՛ ողջ տարածաշրջանի համար չափազանց շատ է բարձրացրել, ինչի ակնկալիքը, դատելով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Վիթքոֆի այն խոսքերից, որ նախագահ Թրամփը զարմացած է, թե հսկայական ամերիկյան զինուժի սպառնալիքին դեմ հանդիման Իրանը ինչո՞ւ չի հանձնվում, Վաշինգտոնում չի եղել։
    Մերձավոր Արևելքի դառը ճշմարտությունն այն է, որ հանձնվելը հավասարազոր է ոչ միայն պատվազրկման, այլ նաև միգուցե դանդաղ, բայց հաստատապես մահվան, իսկ Իրանում այս ճշմարտությունը գիտակցում են արդեն հազարամյակներ շարունակ։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Ակնհայտ է, որ մինչև այս պահն ԱՄՆ-ի նախագահ Թրամփը չունի Իրանի վրա հարձակման որևէ…

    Ակնհայտ է, որ մինչև այս պահն ԱՄՆ-ի նախագահ Թրամփը չունի Իրանի վրա հարձակման որևէ լավ ընտրանք, ինչը նրան հնարավորություն կընձեռեր իրականացնել տպավորիչ և կարճաժամկետ ռազմական գործողություն՝ հայտարարելով հերթական հաղթանակի մասին։
    Հռետորաբանությունն այլ բան է, հողի վրա առկա իրականությունն՝ այլ։ Եվ թերևս հենց այս մասին են խոսում նաև պարբերաբար ԶԼՄ-ներ ապրդող այն լուրերը, թե ամերիկյան բարձրաստիճան զինվորականները չափազանց ռիսկային են համարում Իրանի վրա հարձակումը։
    Իրանական կոշտ դիրքորոշումը, որի համաձայն՝ ոչ մի ամերիկյան սահմանափակ հարվածի մասին խոսք լինել չի կարող և պետք է լինի խնդրի լուծում՝ կա՛մ դիվանագիտական ճանապարհով, կա՛մ լայնածավալ տարածաշրջանային պատերազմի միջոցով զգալի ռիսկեր է ի հայտ բերում թե՛ ամերիկյան կողմի և թե՛ տարածաշրջանային դերակատարների համար՝ պաշտոնական Վաշինգտոնին ստիպելով երկար ծանրութեթև անել ռազմական ուղով գնալու նպատակահարմարությունն ու արդյունավետությունը։
    Թեև ոչ ոք չի կարող վստահաբար պնդել, թե ինչպես կհանգուցալուծվի վտանգավոր այս ճգնաժամը, սակայն պարզ է, որ հնարավոր պատերազմն իրանցիները դիտարկելու են գոյութենական հարց՝ կենաց-մահու կռիվ, և գործելու են հենց նման տրամաբանությամբ։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Թե ասա՝ ձեզ ի՞նչ, լկտիաբար ամեն տեղ քթերը խոթում են։ Մեկ էլ «թշնամի» բառն այստեղ…

    Թե ասա՝ ձեզ ի՞նչ, լկտիաբար ամեն տեղ քթերը խոթում են։
    Մեկ էլ «թշնամի» բառն այստեղ հաճոյախոսություն է։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan

  • 1989թ., երբ 17-ամյա պատանիս՝ որպես ուսանող, մուտք գործեցի ԵՊՀ Իրանագիտության ամբ…

    1989թ., երբ 17-ամյա պատանիս՝ որպես ուսանող, մուտք գործեցի ԵՊՀ Իրանագիտության ամբիոն / YSU Department of Iranian Studies, երբեք չէի պատկերացնի, որ ոչ միայն կդառնամ այդ նույն համալսարանի պրոֆեսոր և ամբիոնի վարիչ, այլ նաև կարժանանամ Իրանի Պարսից լեզվի և գրականության ակադեմիայի պատվավոր անդամի ոչ պակաս պարտավորեցնող կոչմանը։
    Այդ կոչումը հաստատող պաշտոնական վկայագիրը Հայաստանում Իրանի դեսպանի կողմից այսօր հանձնվեց նվաստիս նույն այն պատերից ներս, որտեղ սերտել եմ ուսուցիչներիս դասերը և դասավանդում եմ աշակերտներիս՝ ձգտելով բարձր պահել արևելագիտական և իրանագիտական հայկական դպրոցի պատիվն ու ապահովել դրա անընդմեջ շարունակականությունը և զարգացումը։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan

  • Ամերիկյան ոչ պաշտոնական աղբյուրները պնդում են, թե Պենտագոնը այս շաբաթվա վերջ պատ…

    Ամերիկյան ոչ պաշտոնական աղբյուրները պնդում են, թե Պենտագոնը այս շաբաթվա վերջ պատրաստ կլինի Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողություններին։
    Մյուս կողմից Իրանը նաև արտգործնախարար Արաղչիի նախկինում արած հայտարության համաձայն՝ նույնպես պատրաստ է, թե՛ ռազմական և թե՛ դիվանագիտական լուծումների տարբերակներին։
    Իրական հողի վրա կողմերն իրականացնում են նշանակալի զորաշարժեր։ ԱՄՆ-ը ավելացնում է տարածաշրջանում իր զինուժը, իսկ Իրանը պատմության մեջ առաջին անգամ մասնակիորեն փակում է Հորմուզի նեղուցը, որին անմիջապես հաջորդում է ռուս-իրանական համատեղ ծովային զորավարժություն։
    Երկու կողմերից էլ այս ամենը «տարօրինակորեն» ուղեկցվում է չափազանց մեծ աղմուկով, ինչը ցուցիչ է, որ թե՛ Թեհրանը և թե՛ Վաշինգտոնը ցանկանում են, որ հակառակորդը և տարածաշրջանային տերությունները տեսնեն իրենց հնարավորությունները, քանի որ պատկերավոր ասած՝ բանակցությունները օգտակար են, բայց դրանք ավելի օգտակար կարող են դառնալ, եթե բանակցողի գրպանում ատրճանակ կա և այդ ատրճանակի փողը տեսանելի է հակառակ կողմի համար։
    Մինչդեռ դատելով, թե փոխնախագահ Վենսի, թե Սպիտակ տան խոսնակի և թե Իրանի արտգործնախարար Արաղչիի հայտարարություններից բանակցային բնույթի դիվանագիտական շփումները շարունակվելու են առնվազն առաջիկա շաբաթների ընթացքում։
    Արդյո՞ք սա նշանակո՞ւմ է, թե վաղը պատերազմ չի սկսվի, ոչ ոք չգիտե։ Այս պահին կարծում եմ դա չգիտե նաև ԱՄՆ նախագահ Թրամփը, որն ակնհայտորեն դեռևս նման որոշում չունի։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan