Category: Vardan Voskanyan

  • Իրանական բավական ներկայացուցչական բանակցային պատվիրակությունը ժամանել է Իսլամաբա…

    Իրանական բավական ներկայացուցչական բանակցային պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ։
    Ինչպես և ենթադրվում էր, այն գլխավորում է Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը։ Պատվիրակության կազմում են նաև ԱԳ նախարար Արաղչին, փոխնախարար Թախթ-Ռավանչին, ԱԽ քարտուղար Զոլղադրը, Պաշտպանության խորհրդի քարտուղար Ահմադիանը, կենտրոնական բանկի նախագահը և այլ պաշտոնյաներ ու տեխնիկական մասնագետներ։
    Իրանական ԶԼՄ-ները նշում են, որ դեմ առ դեմ բանակցությունները կսկսվեն Ղալիբաֆի կողմից մատնանշված երկու պայմանավորվածությունների կյանքի կոչումից հետո։
    Ոչ պաշտոնական իրանական աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ-ում ապասառեցվել է իրանական ակտիվների առաջին տրանշը՝ մոտ 6 մլրդ դոլար, և միակ խնդիրը մնում է Լիբանանում հրադադարի հաստատումը։
    Դե, ինչ՝ վաղը սկսվող գործընթացը չափազանց կարևոր է լինելու ոչ միայն Իրանի և ԱՄՆ-ի, այլ նաև ողջ տարածաշրջանի և աշխարհի համար։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Հռետորաբանությունը մի կողմ, սակայն այժմ գրեթե ոչ մի հիմնավոր կասկած չկա առ այն, …

    Հռետորաբանությունը մի կողմ, սակայն այժմ գրեթե ոչ մի հիմնավոր կասկած չկա առ այն, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը կայացել է հենց իրանական կողմի առաջարկած 10 կետերը՝ որպես բանակցությունների համար հիմք, ընդունվելուց հետո։
    Նույնիսկ ԱՄՆ-ի բանակցային պատվիրակության ղեկավար, այդ երկրի փոխնախագահ Վենսը, չնայած խոսում է Լիբանանի հարցով կողմերի թյուրընկալման մասին, այսուհանդերձ նշում է, որ Իսրայելը պատրաստ է զսպվածություն դրսևորել Լիբանանում, որպեսզի չխաթարվի բանակցային գործընթացը։
    Սրան զուգահեռ Իրանն առայժմ հստակ չի հաստատել բանակցություններին իր մասնակցությունը։ Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը (ենթադրաբար գլխավորելու է իրանական բանակցային թիմը) «X»-ում գրել է, որ դեռևս չեն ապահովվել պայմանավորվածությունների երկու կետ՝ հրադադարը Լիբանանում և իրանական ակտիվների ազատումը, ուստի մինչև բանակցությունների սկիզբը դրանք պետք է իրականացվեն։
    Հաշվի առնելով Իսրայելում Նեթանյահուի հասցեին քննադատության անխնա ալիքը, Լիբանանում հրադադարը նրա հեղինակությանը լրջագույն հարված կլինի։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Բժշկության մեջ կա ցավին դիմանալու շեմի հասկացություն, որը զանազան անձանց մոտ տար…

    Բժշկության մեջ կա ցավին դիմանալու շեմի հասկացություն, որը զանազան անձանց մոտ տարբեր է և անկախ ֆիզիկական ուժից։ Այս երևույթը երկրների պարագայում, միգուցե, պետք է կոչել դիմակայունության շեմ։
    Իրանի դեմ պատերազմն, իրականում, հենց ցավին դիմանալու կամ դիմակայունության շեմերի պայքար էր, այլ ոչ թե՝ ո՞ւմ ռումբն էր ավելի խոշոր և մահաբեր, կամ թե ո՞ւմ բանակն ավելի մեծ բյուջ և ավելի տեխնոլոգիական զենքեր ուներ։
    Ցավոք, սրտի, մեզանում ընդհանրապես չի քննարկվում այն հարցը, թե ինչո՞ւ է Հայաստանի դիմակայունության շեմն այնքսն իջեցվել, որ թեկուզ միայն պատերազմի սպառնալիքով հնարավոր է դարձել զիջումներ կորզել մեր երկրից և ի՞նչ պետք է անել այն բարձրացնելու համար։
    Ի տարբերություն մեզ, որ գրեթե «աստվածացրել» էինք ինչ-որ «Բայրաքթարներ», Իրանում ոչ ոք չէր կարող «աստվածացնել» աշխարհի ամենատեխնոլոգիական և թանկ ամերիկյան ինքնաթիռները կամ հրթիռները։
    Իրանի «աղքատ» ԶՈւ-երը, փաստացիորեն, մեկ անգամ ևս ապացուցեցին, որ արդի պատերազմներում թշնամու բանակի բյուջեն, սպառազինությունը և մնացյալ բոլոր առավելությունները բավարար չեն հաղթանակի հասնելու համար, եթե պատերազմը կառավարվում է օբյեկտիվորեն ավելի հզոր թշնամու դեմ գործելու ասիմետրիկ ռազմավարական մտածելակերպով և աննկուն կամքով, որոնց բացակայությունը մեր պատերազմի պարագայում խայտառակ տապալում էր։
    #չՀայաստանը
    🆔 @vardan_voskanian

  • Քուվեյթը և ԱՄԷ-ի Դուբայ էմիրության ենթակառուցվածքները քիչ առաջ ենթարկվել են ԱԹՍ-…

    Քուվեյթը և ԱՄԷ-ի Դուբայ էմիրության ենթակառուցվածքները քիչ առաջ ենթարկվել են ԱԹՍ-ների հարվածների։
    Քուվեյթի ՊՆ-ը հայտարարել է, որ թիրախավորվել են էներգետիկ ենթակառուցվածքներ, իսկ ԱՄԷ-ից առայժմ թիրախների մասին տեղեկատվություն չկա։
    Հարձակումը իրականացրել են Իրաքի իրանամետ զինված խմբավորումներն, ըստ որոնց՝ Քուվեյթի տարածքից տեղի է ունեցել հրադադարի խախտում Իրաքի ուղղությամբ։
    Հիմնավոր ենթադրություններ կան, որ իրաքցիների հարձակումները պատասխան են Իսրայելի՝ Լիբանանում չդադարորող հարվածների։
    Հորմուզի նեղուցում իրավիճակն ամբողջովին կառավարվում է Իրանի կողմից։ Օրական ոչ իրանական միայն 15 տանկեր կարող են անցնել նեղուցով՝ Իրանի հետ նախապես համաձայնեցմամբ և անցման համար վճարելով։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Երեկ Սպիտակ տան խոսնակը և նախագահ Թրամփի վարչակազմի այլ ներկայացուցիչներ փորձում…

    Երեկ Սպիտակ տան խոսնակը և նախագահ Թրամփի վարչակազմի այլ ներկայացուցիչներ փորձում էին վերաձևակերպել այն ակնհայտ փաստը, որ ԱՄՆ-ի նախագահն, իր իսկ գրառման համաձայն, մտադիր էր Իրանի հետ սկսել բանակցություններ ՝ ի նկատի առնելով իրանական կողմից ներկայացված 10 կետերը, կամ այլ խոսքերով հիմք ընդունել պատերազմն ավարտելու իրանական պայմանները։
    Լինելով ԱՄՆ-ի պատմության թերևս ամենա ոչ կառուցակարգային որոշումներ ընդունող ղեկավարը, նախագահ Թրամփն ակնհայտ խնդիրներ է ստեղծել իր և իր թիմի համար ներքաղաքական կյանքում, որտեղ անհնարին էր լինելու իրանական պայմանները ներկայացնել՝ որպես հաղթանակի նշան։
    Ուստի, ավելի ուշ նրա վարչակազմն աստիճանաբար սկսեց գոնե հռետորաբանության մակարդակում հետքայլեր անել հրադադարի պայմաններից, որոնցից երեքին առանձին գրառումով անդրադարձավ Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը։
    Հրադադարի պայմանների նախնական պատկերն ավելի պարզ կդառնա, եթե լսենք Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Միրշայմերի՝ «CNN»-ին հարցացրույցի այս կտորը (մեքենայացված ռուսերեն թարգմանությամբ)։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Իրանի ԱԳ նախարար Արաղչին «X» սոցիալական ցանցում կիսվել է Պակիստանի վարչապետ Շարի…

    Իրանի ԱԳ նախարար Արաղչին «X» սոցիալական ցանցում կիսվել է Պակիստանի վարչապետ Շարիֆի՝ հրադադարի մասին գրառմամբ, որտեղ ընդգծված է, որ Լիբանանում ևս պետք է դադարեն ռազմական գործողությունները։
    Իրանի ԱԳ նախարարը դիմել էր ԱՄՆ-ին, նշելով, որ պետք է ընտրություն կատարվի հրադադարի կամ Իսրայելի միջոցով պատերազմի շարունակության միջև։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Իսրայելի ներսում ընդդիմության կողմից վարչապետ Նեթանյահուի հասցեին հնչում է խիստ…

    Իսրայելի ներսում ընդդիմության կողմից վարչապետ Նեթանյահուի հասցեին հնչում է խիստ քննադատություն։
    Մասնավորապես, այս երկրի նախկին վարչապետ Լապիդը Իրան-ԱՄՆ հրադադարին անդրադառնալով, նշել է, որ Իսրայելը նույնիսկ չի եղել այն սեղանի շուրջ, որտեղ ընդունվել են այդ երկրի ազգային շահերին առնչվող որոշումներ։
    Այս պայմաններում Իսրայելի վարչապետի՝ «X» սոցիալական ցանցի օգտահաշվում կատարվել է գրառում առ այն, որ հրադադարը չի վերաբերում լիաբանանյան ճակատին։
    «Հիզբալլահի» դեմ իսրայելական հարձակումների շարունակությունն ունի երկու հիմնական նպատակ՝ ներքաղաքական դաշտում ցույց տալ, որ Նեթանյահուն առանձին խաղացող է, և երկրորդը՝ այս միջոցով ձգտել տապալել ուրբաթ օրն Իսլամաբադում մեկնարկելիք բանակցություններն Իրանի և ԱՄՆ-ի միջև։
    Բացի լիբանանյան ճակատից, Նեթանյահուի համար մեկ այլ ճակատ էլ ԱՄՆ-ի ներսում է, որտեղ իսրայելական հզոր լոբբիի համար շատ դժվար է լինելու ազդել ամերիկյան դիրքորոշումների վրա։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության տելեգրամյան ալիքը հրադադ…

    Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության տելեգրամյան ալիքը հրադադարի կապակցությամբ հրապարակել է Իրանում հայտնի հայրենասիրական երգերից մեկը՝ «Հայրենիքս՝ ողջ հոգիս ու մարմինս»։
    Տեսահոլովակում երգի կատարումն ուղեկցվում է Իրանի պատմական հուշարձանների և բնության ֆոնին տարբեր տարածաշրջանների ավանդական իրանական տարազներ հագած կանանց պատկերներով։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Ամբողջ աշխարհը սպասում է, թե ինչպես կընթանան Իրանի շուրջ զարգացումները, և այս ֆո…

    Ամբողջ աշխարհը սպասում է, թե ինչպես կընթանան Իրանի շուրջ զարգացումները, և այս ֆոնին տեղեկատվության և ապատեղեկատվության հոսքերն ահռելի են։
    Պարզ է մի բան. Պակիստանի առաջարկը՝ հետաձգելու ԱՄՆ-ի հարվածը, փրկօղակ է նախագահ Թրամփի համար՝ չգնալու խելահեղ մի գործողության, որից հետո ոչ ոք չի կարող հստակ կանխատեսել, թե ինչ տեղի կունենա Մերձավոր Արևելքում և աշխարհում։
    Պատերազմի անցած օրերը ցույց են տվել, որ Իրանը չի հանձնվելու, և նույնիսկ ամենադժվարին պայմաններում շարունակելու է պատասխանել հարվածներին։
    Ուստի, նույնիսկ այդ երկրի հավանական ամբողջական հոսանքազրկումը, որն, ի դեպ, ըստ մասնագետների՝ անհնար է իրագործել մեկ օրում զանգվածային հարվածով, ըստ էության, չի ազդելու իրանական հակահարվածների վրա։
    Մինչդեռ, դիցուք, իրանական հարվածների հետևանքով քաղցրահամ ջրից զրկված՝ Պարսից ծոցի արաբական երկրների շողշողուն քաղաքներից յուրաքանչյուրը կարող է կրկին վերածվել ապրելու համար ոչ պիտանի անապատի։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • ԱՄՆ-ի նախագահ Թրամփը սպառնացել է, որ «մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշե…

    ԱՄՆ-ի նախագահ Թրամփը սպառնացել է, որ «մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր՝ այլևս երբեք չվերածնվելու համար»՝ նկատի ունենալով Իրանին հասցվելիք հարվածների մահաբերությունը։
    Չափազանց հավակնոտ և անիրատեսական պնդում է, եթե հաշվի առնենք, որ հազարամյակների իրանական քաղաքակրթությունը ոչնչացնել են փորձել բազմաթիվ նվաճողներ և չեն հաջողել։
    Աշխարհի պատմության մեջ ամենաընդարձակ ցամաքային կայսրությունը ստեղծած մոնղոլները ևս, հավանաբար, կարծում էին, թե կոչնչացնեն այս քաղաքակրթությունը, մինչդեռ, ի վերջո, հենց իրանական քաղաքակրթությունը ձուլեց և իրանականացրեց այն մոնղոլներին, որոնք հայտնվել էին Իրանի քաղաքակրթական տիրութում։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian