Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն
արձագանքել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը պետք է Միութենական պետության մաս լինի՝ այնպիսի մոդելով, ինչպիսին եղել է Խորհրդային Միությունը։
«Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Ղարաբաղը բառի բուն իմաստով հանձնած և Երևան փախած, այժմ էլ ռուսաստանցի օլիգարխի (խմբ․ նկատի ունի «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին) ակտիվ աջակից Վիտալի Բալասանյանն այսօր գնացել է եկեղեցու բակ, իր աջակցությունն է հայտնել Կտրիճ Ներսիսյանին և ոչ ավել, ոչ պակաս ասել, որ Հայաստանը պիտի լինի նոր նոր Խորհրդային Միության մաս, ինչպես 100 տարի առաջ։ Վիտալի Բալասանյանը, իհարկե, գլուխը պատին է տվել, և հարցը դա չէ․ նա և նրա նմանները ծոծրակները կտեսնեն, բայց Հայաստանի անկախության կորուստ նորից չեն տեսնի, մենք դա թույլ չենք տա։ Բայց ես ուզում եմ հասկանալ՝ էս ի՞նչ մարդիկ եք դուք ընդհանրապես։ Դուք արյուն ուրացողներ եք, դուք ո՞վ եք ընդհանրապես, որ ազգային արժեքներից խոսեք։ Ուրեմն այսքան մարդ այսքան տարիների ընթացքում արյուն է թափել, զոհվել է, մահացել է, իր կյանքն է զոհել Հայաստանի անկախության համար, որ դուք գաք այդքան հեշտ ասեք՝ Հայաստանը իր անկախությունից պիտի հրաժարվի՞։ Կամ ռուսաստանցի օլիգարխը, որ եկել ասում էր, որ Հայաստանում ռուսերենն ու անգլերենը պետք է պետական լեզու հայտարարել․ այսինքն՝ մեր 5000-ամյա լեզուն հեչ, պետք է օտար ժողովուրդների լեզուները մեր պետական լեզուն հայտարարենք։ Ո՞վ եք դուք ընդհանրապես։ Հունիսի 7-ին Հայաստանի անկախության դեմ գործող բոլոր ուժերին պետք է ուղարկենք գրողի ծոցը կամ ցանկացած այլ ծոց՝ իրենց նախընտրությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք» իր էջում հրապարակած տեսանյութում ասել է Ռուբինյանը։
Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, թե աշխարհաքաղաքական քարտեզը փոխվելու է, Հայաստանը պետք է լավ հարաբերություններ պահպանի Իրանի հետ և լինի Միութենական պետության կազմում․ «Չգիտեմ անունը ինչ կդնեն, բայց այնպես, ինչպես եղել է Խորհրդային Միությունը»,- ասել էր Բալասանյանը։
Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է Միութենական պետության մաս լինի
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը,…