Երեկ իմ ֆեյսբուքյան էջում մի հարց էի գրել՝ խնդրելով բերել հանձնվելու ու հակառակորդի կամքին ենթարկվելու հաջողված օրինակ պատմության մեջ։ Մեկնաբանությունների 90 և ավելի տոկոսը շեշտում էին, որ նման բան չկա ու լինել չի կարող, իսկ, օրինակ, նույն Գերմանիայի, Ճապոնիայի ու Ֆինլանդիայի օրինակներն անգամ պատմությունից դասեր քաղելու, մեծագույն մտավոր ու կամային ինքնառեֆլեքսիայի, հզորանալու, ավելի լավը ու կարող դառնալու օրինակներ էին։
Ես վստահ եմ, որ մենք ունենք ներուժ ավելի լավը դառնալու, ուժեղանալու, զորեղ ու մարտունակ բանակ ունենալու, հզոր ու կարող դիվանագիտություն վարելու համար, մենք ունենք ներուժ մերժելու բռնապետական երկրի կողմից մեզ թելադրվող վտանգավոր օրակարգերը, լինի դա Եկեղեցու դեմ պայքար, մեր պատմության դեմ պայքար կամ սեփական անկախության հռչակագրից հրաժարվելու հարց։ Սրա համար կարևոր է նախ խոսել, առողջ քննարկում ունենալ՝ ինչն ենք սխալ արել, որտեղ կարող ենք ավելի խելացի ու լավ աշխատել, ինչ գաղափարներով ենք ուզում առաջնորդվել, սրանք բարդ հարցեր են, պատասխանները ևս հեշտ չեն, բայց կարևոր են։ Այսօր մեր միջից հանում են գաղափարը, ու այդ վակուումը լցնում ադրբեջանական «ճշմարտություններով», որոնք որևէ աղերս չունեն ճշմարտության հետ։ Մեզ համոզում են, որ Ադրբեջանի կամքին հանձնվելուց բացի այլ տարբերակ չկա, բայց մեզ երբեք չեն պատմում, թե իրականում ինչ խոցելի կողմեր ունի այդ երկիրը, չեն պատմում, թե նոր ինչ սպառնալիքներ են ստեղծվում մեր դեմ, փոխարենը՝ փորձում են «ջրել» այդ թեմաները, քանի որ դրանք անհարմար թեմաներ են ու ցույց են տալիս, որ հանձնվելու դեպքում ստորացումը դառնում է անվերջանալի գործընթաց։
Մենք լավը դառնալու համար նախ պետք է սովորենք իրար լսել, հարգել իրար տարբերվող հայացքները, խոսել փաստերով, այլ ոչ պիտակավորումներով, ունենալ բովանդակային, այլ ոչ դատարկ «կուկուռուզային» քննարկումներ։ Դրա համար պետք է կամք, խելք ու մտավոր կարողություններ, ինձ թվում է՝ Նարեկացի, Կոմիտաս, Արամ Խաչատրյան ու բազմաթիվ այլ հանճարներ ունեցող ժողովուրդը ունի այդ պոտենցիալը։
Ի ամփոփում ասեմ՝ իմ կողմից շատ սիրելի տաղանդաշատ դերասան Վարդան Պետրոսյանը իր «Լույս, խավար և Chat GPT» ներկայացման մեջ մի ֆանտաստիկ ձևակերպում ունի, որը լավագույնս արտացոլում է ներկայիս քաղաքականությունը՝ «Չի պարտվում նա, ով չի պայքարում․․․ ավելին, չի պարտվում նա, ով չկա․․․»։
Սա է, որ մեզ պարտադրվում է այսօր, մինչդեռ իմ խորքային համոզմունքն է, որ իր Ցեղասպանությունը վերապրած ժողովուրդը, վերջին ութ տարում երեք պատերազմ տեսած ու Արցախից զրկված ժողովուրդը ունի կամք ու խելք՝ լինելու ու շատ ավելի լավը դառնալու համար, իսկ դրա համար պետք է պայքարել՝ բառի տարբեր առումներով ու ընկալումներով։