🔥 Միխեյիլ Սահակաշվիլին, որն իր նախագահության շրջանում Վրաստանը ըստ էության փռել էր Թուրքիայի ու Ադրբեջանի ոտքի տակ, այսօր հերթական անգամ դիմում է հայ ժողովրդին: Դե, ավելորդ է ասել, թե ինչ բովանդակությամբ է դիմում:
Եթե Սահակաշվիլին այդտեղ տոգորված է հայ ժողովրդի «ճիշտ» ընտրությամբ, այլ կերպ ասած՝ վարչապետ Փաշինյանի իշխանության շարունակությամբ, ապա թերեւս նրանք, ովքեր Սահակաշվիլու տիկնիկավարներն են, ունեն այդ կապակցությամբ լուրջ անհանգստություն:
Դա իհարկե հայ հարության համար չպետք է լինի հանգստացնող հանգամանք, որովհետեւ Հայաստանի հասարակության խնդիրը՝ գլոբալ առումով, արտաքին որեւէ կողմնորոշմամբ քվեարկելը չէ, որեւէ արտաքին ուժի կողմ կամ դեմ քվեարկելը չէ, ի հեճուկս ինչ որ մեկի քվեարկելը չէ:
Հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների, հայաստանյան հանրության խնդիրը հանուն Հայաստանի քվեարկելն է, Հայաստանի համար քվեարկելն է: Իսկ Հայաստանի շահը պահանջում է, որ փոխվի իշխանություն, որ Հայաստանը ձերբազատվի բոլոր, անգամ բարոյական առումով լիակատար սպառված կառավարող ուժից: Այդ ուժը շատ վաղուց արդեն ապրում է Հայաստանի էներգիայի ու շահերի հաշվին, Հայաստանի լիցքերը մսխելու, սպառելու հաշվին:
Ինչպես մեքենան, որի «դինամոն» չի աշխատում եւ որը ընթանում է միայն սեփական ակումուլյատորի հաշվին: Իրազեկները գիտեն, որ այդ պարագայում ցանկացած հաջորդ պահին լիցքը կարող է ավարտվել եւ մեքենան պարզապես կարող է կանգնել:
Հետեւաբար, Հայաստանի քաղաքացու խնդիրն է փոխել իշխանությունը, որպեսզի Հայաստանը աշխատի եւ ընթանա շարժիչի էներգիայով, այսինքն՝ ընթանա անխափան, առանց ամեն վայրկյան կանգնելու ռիսկի:
Ինչ է ասում որեւէ մեկը դրսից, չունի բացարձակապես ոչ մի նշանակություն: Հայաստանի քաղաքացին գիտե, թե ինչ է վիճակը ներսում, ու այդ վիճակը պետք է փոխել: Ըստ այդմ, պետք է գնալ ու հունիսի 7-ին քվեարկել դրա համար: