Արյան դոնորի համաշխարհային օրը՝ հունիսի 14-ին Առողջապահության նախարարության «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում կանցկացվի «Մեկ կաթիլ մարդասիրություն» կարգախոսը կրող հանրային արշավ:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ արշավի նպատակն է խթանել Հայաստանում կամավոր և անհատույց արյունատվության մշակույթի ձևավորումը, դոնորության կարևորության վերաբերյալ բարձրացնել հանրային իրազեկվածությունը և ընդլայնել արյան դոնորների շարքերը՝ նպաստելով առողջապահական համակարգում կայուն և անվտանգ արյան պաշարների ձևավորմանը։
Ակցիան միաժամանակ կկազմակերպվի Երևանում և մարզերում՝ հնարավորություն տալով Հայաստանի տարբեր համայնքների բնակիչներին միանալ մարդասիրական այս նախաձեռնությանը։
Գերատեսչությունից նշում են, որ միջոցառումը կայանալու է հունիսի 14-ին, ժամը` 10:00-18:00,
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի այգու հատվածում, իսկ մարզային կայաններում հետևյալ հասցեներում` Արյան ծառայության Գյումրիի բաժանմունք՝ Շիրակացի 21ա, Արյան ծառայության Վանաձորի բաժանմունք՝ Գ. Նժդեհի 2/42, Արյան ծառայության Արմավիրի բաժանմունք՝ Մ. Հերացու 10, Արյան ծառայության Հրազդանի բաժանմունք՝ Ռ. Միքայելյան 29, Արյան ծառայության Գորիսի բաժանմունք՝ Ավանգարդ թաղ., Արզումանյան 33: