Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է մրցույթ «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ռեզիդենտ հանդիսացող այն երեխաները, որոնք 2026 թվականի հոկտեմբերի 24-ի դրությամբ կլինեն առնվազն 9, առավելագույնը՝ 14 տարեկան։
Լսումներին կարող են դիմել ինչպես սոլո կատարողներ, այնպես էլ դուետներ կամ խմբեր՝ մինչև 6 մասնակցով։
Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել լսումների առաջին փուլին և ներկայացնել նախընտրած երկու երգի քավր (cover) տարբերակ՝ կենդանի կատարմամբ։
Առաջին փուլը հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն երկրորդ փուլ, որի ընթացքում հայկական և միջազգային պրոֆեսիոնալ ժյուրին, ինչպես նաև մասնագիտացված ֆոկուս խումբը կընտրեն հաղթողին։
Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հունիսի 30-ը լրացնել հայտ՝ այցելելով պաշտոնական կայք՝ www.eurovision.am։
«Մանկական Եվրատեսիլ»-ը ոչ միայն մրցույթ է, այլև բացառիկ հնարավորություն՝ ստեղծագործող և տաղանդավոր երեխաների համար իրենց ձայնը հասցնելու միջազգային բեմ։