Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է․
«Մենք շատ երկար և մանրամասն քննարկումներ ենք ունեցել և ձեռք ենք բերել այնպիսի ռազմավարական նշանակության պայմանավորվածություններ ամենատարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու, որի արտահայտությունն առաջիկայում մենք կտեսնենք: Իսկ նրանք, ովքեր ուզում են խաթարել Հայաստան-Ռուսաստան բարեկամությունը և եղբայրությունը, այդ մարդիկ պարզապես иностранный агент են»
Երկու հարց․
1) Ի՞նչ ձեռք բերված “այնպիսի ռազմավարական նշանակության պայմանավորվածությունների” մասին է խոսքը, որը “խորացնելու” է արդեն իսկ խորացած այսպես կոչված դաշնակցային ռազմավարական հարաբերությունները։ Որևէ թափանցիկություն այս հարցում կա՞։
Ռազմավարական, (ստրատեգիական) նշանակում է երկարաժամկետ ՝ երկրի համար ազգային անվտանգային կարևորություն ունեցող։ Նման որոշումները դեմոկրատական երկրներում չի կարող փակ դռների հետևում կայացվել, մանավանդ երբ դա արվում է ավտորիտար երկրի հետ, որի վարած “հիբրիդային պատերազմի” դեմ Փաշինյանի իշխանությունը ԵՄ-ից ֆինանսական օգնություն է բերում։
2) “иностранный агент” ձևակերպումը պուտինյան ավտոկրատիկ ոճին հատուկ բառամթերքից է։ Նախկինում ՀՀ վարչապետը նույնպես արել է արտահայտություններ պուտինյան լեքսիկոնից, բայց այս պարագայում կարո՞ղ ենք ենթադրել, որ “ինոագենտ”-ը մի օր կարող է նաև օրենքի տեսք ստանա։
Իսկ մինչ այդ, արձանագրենք՝ Պուտինն ու Փաշինյանն իրենց որակումներ տալու ոճի մեջ նույն տերմիններով են խոսում, և երկու դեպքում էլ Կրեմլի կողմից ձևակերպված ռուսական շահին դեմ դուրս եկողներն են ինոգենտ՝ ըստ Պուտինի ու Փաշինյանի։
Էդուարդ Աբրահամյան