Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրամայել է «Շառլ դը Գոլ» միջուկային ավիակիրը և դրա հարվածային խումբը դուրս բերել Բալթիկ ծովից և տեղակայել Միջերկրական ծովում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը՝ վկայակոչելով Մակրոնի ուղերձը ժողովրդին։
«Հաշվի առնելով այս անկայուն իրավիճակը և առաջիկա օրերի անորոշությունները՝ ես հրամայել եմ, որ «Շառլ դը Գոլ» ավիակիրը, դրա օդային միջոցները և ուղեկցող ֆրեգատը նավարկեն դեպի Միջերկրական ծով», — ասել է Մակրոնը մարտի 3-ի երեկոյան հեռարձակված հեռուստաուղերձում։
Նա նաև նշել է, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում Մերձավոր Արևելքում տեղակայվել են Rafale կործանիչներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և օդային ռադարային համակարգեր։
Այս որոշման պատճառ է հանդիսացել մարտի 2-ին Կիպրոսում բրիտանական ավիաբազայի թիրախավորումը անօդաչու թռչող սարքերով։
Մակրոնի խոսքով՝ Կիպրոսը ԵՄ-ի անդամ է, որի հետ Ֆրանսիան վերջերս ռազմավարական գործընկերության պայմանագիր է կնքել։