Կրակային սպորտը և թենիսը զարգացնում են կենտրոնացում, ճշգրտություն և նյարդային կայունություն, իսկ դահուկային սպորտը մարզային զարգացման և տուրիզմի ռազմավարական գործիք է։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Սույն ռազմավարության իրականացումը թույլ կտա մինչև 2040 թվականը ձևավորել առողջ, ակտիվ և մրցունակ հասարակություն։ 250,000 մարզիկ և կանանց առնվազն 40 տոկոս մասնակցություն ունենալը Հայաստանի համար ոչ թե հավակնոտ նպատակ է, այլ՝ ազգային անվտանգության և կայուն զարգացման նվազագույն պահանջ։
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ (ԼՐԱՑՈՒՑԻՉ ԲԱԺԻՆ)
Սպորտի զանգվածային և կայուն զարգացման առանցքային նախապայմանը մատչելի և որակյալ մարզական ենթակառուցվածքների առկայությունն է։ Առանց համակարգված ենթակառուցվածքային քաղաքականության անհնար է ապահովել մարզիկների թվի աճ, կանանց և աղջիկների ներգրավում, ինչպես նաև թիմային մարզաձևերի զարգացում։
Երևան քաղաքը, լինելով երկրի բնակչության ավելի քան մեկ երրորդի կենտրոն, պետք է ունենա առանձնացված և պարտադիր ենթակառուցվածքային ստանդարտներ։ Սույն ռազմավարության շրջանակում սահմանվում է, որ Երևանի բոլոր վարչական շրջանները պարտադիր պետք է ունենան առնվազն մեկ լիարժեք մարզադպրոց՝ նախատեսված թիմային մարզաձևերի (ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ) ուսուցման և մրցակցային պատրաստման համար։
Մարզադպրոցը պետք է ներառի փակ մարզադահլիճ, հանդերձարաններ, բժշկական և վերականգնողական սենյակ, մարզիչների աշխատասենյակներ և դիտահարթակ՝ ծնողների և հանդիսատեսի համար։ Այս մոդելը թույլ կտա ապահովել մարզումների շարունակականություն ամբողջ տարվա ընթացքում և մրցակցային միջավայրի ձևավորում։
Ներկայում Երևան քաղաքում գործում են ընդամենը երկու մարզադպրոց, որոնք ունեն լիարժեք մարզադահլիճներ թիմային մարզաձևերի համար։ Այս իրավիճակը լրջագույն խոչընդոտ է թե՛ զանգվածային սպորտի զարգացման, թե՛ քաղաքային ակադեմիաների և ակումբների ստեղծման համար։ Առկա բացը ստիպում է հարյուրավոր երեխաների՝ մարզվել ոչ հարմարեցված պայմաններում կամ ընդհանրապես դուրս մնալ կազմակերպված սպորտից։
Ռազմավարությունը նախատեսում է 2026–2035 թվականների ընթացքում Եղրևանի բոլոր համայնքներում նոր մարզադպրոցների կառուցում կամ գործող շենքերի վերափոխում՝ մարզական նպատակներով։ Այս գործընթացը պետք է իրականացվի պետություն–համայնք–մասնավոր հատված համագործակցության շրջանակում՝օգտագործելով համաֆինանսավորման և երկարաժամկետ վարձակալության մոդելներ։
(Մաս2)
Հրաչյա Ռոստոմյան
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար