Մարդկության պատմության վաղնջական ժամանակներից դարերի անխախտ ընթացքով մեզ հասած համր ու պատկերավոր ուղերձ են ժայռապատկերները, որոնք ավանդում են նախնյաց կենսակերպի, նրանց ապրումների, հույզերի ու ձգտումների մասին՝ դառնալով ապառաժներին հավերժացած կապի միջոց սերունդների միջև:
Դա հույժ կարևոր տեղեկատվություն է, որը ոչ միայն թույլ է տալիս պատկերացում կազմել տասնյակ հազարավոր տարիներ առաջ մարդկանց կյանքի կազմակերպման մասին, այլև, որ ավելի կարևոր է, ոճային նմանությամբ ու ընդհանրացմամբ նույնականացնել տվյալ տարածքում ապրողների կամ հաստատվածների խմբին, որոնք հետագայում կարող էին ազգերի ձևավորման կորիզը դառնալ:
Հայաստանում, ընդհանրապես, Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված ժայռապատկերներն ունեն ոճային հստակ առանձնահատկություններ, որոնք չեն հանդիպում այլ երկրներում և տարածաշրջաններում: Այդ անկրկնելի նշանները ժամանակի ընթացքում ժայռերից փոխադրվել և վերարտադրվել են զուրօրինակ գորգերի վրա՝ ձևավորելով հայկական ոճը:
Այսպիսի հետաքրքիր մանրամասներով ուղեկցվեց
«Արմենպրես»-ի հարցազրույցը ժայռապատկերների և հնագույն հուշարձանների բազմամյա հետազոտող, անվանի գիտնական Կարեն Թոխաթյանի հետ, որը սկսեցինք նրա հեղինակած «Հայաստանի ժայռապատկերները» բացառիկ գրքին անդրադարձով, իսկ ավարտեցինք՝ Կենդանակերպի նշանների հայկական ծագման մասին տեսությամբ: