«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետ Կարեն Գրիգորյանն օրերս Թոխմախի գերեզմանատան տարածքից փորձել է վերցնել նախապես տեղադրված փաթեթը, սակայն բռնվել է պարեկների կողմից։ Ըստ նախնական տեղեկությունների, փաթեթում թմրամիջոց է եղել, ու օպերբաժնի պետը, ըստ երեւույթին, դա պիտի հասցներ ՔԿՀ։ Ի դեպ, Կարեն Գրիգորյանի ավտոմեքենան կապարակնքվել է, Քննչական կոմիտեում սպասում են դատարանի որոշմանը, որպեսզի խուզարկություն կատարեն։ Կարեն Գրիգորյանը նախկինում աշխատել է «Արմավիր» ՔԿՀ-ում՝ որպես օպերլիազոր, ու, ասում են, այնտեղ էլ է զբաղվել հեռախոսների ու թմրամիջոցների վաճառքով։ Ամիսներ առաջ Գրիգորյանի նկատմամբ ծառայողական քննություն էր իրականացվել՝ «Նուբարաշենի» հսկիչներից մեկին ծեծելու համար։
Ըստ մեր աղբյուրի, ծեծը սկսել է Գրիգորյանի ընկերը՝ օպերլիազոր Արամ Հարոյանը, որը շեֆի (օպերբաժնի պետ Կարեն Գրիգորյանի) կամակատարն է: «Նուբարաշեն»-ում բոլոր սկանդալների նախաձեռնողներն այդ երկու օպերներն են եղել։