Հայաստանին ձեռնտու չէ, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները լարվեն
Եթե հարևան երկրների միջև հարաբերությունները լարվեն և Թեհրանը հայտարարի, որ իր կարմիր գծերը Հայաստանի սահմաններն են, Ադրբեջանի համար Իրանին հարվածելու թիրախ դառնալու է ՀՀ-ն։ «Աբովյան Time»–ի եթերում նման կարծիք հայտնեց իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը։
«Բայց եթե Իրան-Ադրբեջան հարաբերություններն ավելի մեղմ դառնան, Թեհրանը կունենա տնտեսական հնարավորություն ճնշելու Ադրբեջանին»,–ասում է փորձագետը։
Միևնույն ժամանակ, Առաքելյանը ընդգծում է, որ վերջին ամսվա ընթացքում Իրանը շատ ավելի քիչ է խոսել ՀՀ տարածքների անվտանգության խափանման կամ իր կարմիր գծերի մասին, ինչը պայմանավորված է մեր իշխանության` մե՛րթ Արևմուտքի, մե՛րթ Արևելքի կողմ շրջվելու քաղաքականությամբ։
«Իրանը չի հասկանում, թե Հայաստանն ինչ է ցանկանում այս տարածաշրջանում։ 30 տարի հայտարարում էր, որ Հարավային Կովկասում իր ամենավստահելի գործընկերը Հայաստանն է, այլևս չենք լսում նման բան, որովհետև կարծում եմ, որ ՀՀ–ն արդեն կորցրել է իր վստահությունը նաև Իրանի մոտ»,–հավելեց նա։
@ArmeniaSputnik