«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում 25 հազար էլեկտրոնային հաշվիչի ձեռքբերման մրցույթի արդյունքում ավելի քան 500 միլիոն դրամի խնայողություն է արձանագրվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Տաշիր» ընկերությունների խմբի մաս կազմող այն նույն ընկերությունը, որը վերջին տարիներին հաշվիչներ էր մատակարարում ՀԷՑ-ին։
Պետրոսյանը նշել է, որ այս անգամ մատակարարը վերասակարկել է առաջարկված գինը, քանի որ բաց մրցույթին մասնակցել է նաև Հայաստանում գործող մեկ այլ խոշոր էներգատեխնիկական արտադրող։
«Պետության կողմից լեգիտիմ միջամտության և ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման մեկնարկից ի վեր, ըստ իս, սա ամենաակնառու և խոսուն փաստն է, որ վերահաստատում է ընթացիկ գործընթացների խիստ անհրաժեշտությունն ու արդարացվածությունը մեր երկրի ու ժողովրդի համար»,- գրել է Պետրոսյանը։
Նրա ներկայացրած տվյալներով՝ ՀԷՑ-ի տարեկան գնումների պլանով 25 հազար հաշվիչի ձեռքբերման համար նախատեսված էր շուրջ 2 միլիարդ դրամ, իսկ մրցույթի նախահաշվային արժեքը կազմել էր շուրջ 1 միլիարդ 944 միլիոն դրամ։
Մրցույթի ընթացքում վերասակարկման արդյունքում հաղթող կազմակերպությունն առաջարկել է նույն խմբաքանակը մատակարարել 1 միլիարդ 430 միլիոն դրամով։
Այսպիսով՝ մրցույթի նախահաշվային արժեքի համեմատ խնայողությունը կազմել է ավելի քան 500 միլիոն դրամ։
Պետրոսյանի խոսքով՝ խնայված միջոցները վերաբաշխվելու և ուղղվելու են բաշխման ցանցի արդիականացման անհետաձգելի աշխատանքներին՝ հաճախակի վթարներ ունեցող բնակավայրերից մեկում։