1948 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված ՄԱԿ-ի կոնվենցիայով ցեղասպանությունը համարվում է միջազգային հանցագործություն։ Հայոց ցեղասպանությունը միջազգային հանցագործություն է։ Այն իրականացվել է հայերի դեմ՝ կոնկրետ էթնիկ խմբին պատկանելու համար, իրականացվել է հայրենազրկման գործընթացին զուգահեռ։ Այսօր մենք նշում ենք այս հանցագործության հիշատակման 111-րդ տարելիցը։ Ով կմտածեր, որ այդ ամենից 111 տարի անց մենք՝ լինելով հայ, ապրելով Հայաստանում, կպայքարենք մեզ մեր հիշողությունից չզրկելու, ցեղասպանության ուրացումը կանխելու, մեր ինքնությունը պաշտպանելու համար։ Ժամանակները, հիրավի, անհեթեթ են, բայց մեր ցավը, կորուստը, մեր դեմ կատարվածը մոռացման ենթակա չէ, քանի որ մենք միայն դասագրքերից չէ, որ սովորել ենք ու գիտենք Հայոց Ցեղասպանության մասին․ շատերի ընտանիքներում այդ պատմությունը պատմվում է սերնդեսերունդ, դա, որքան էլ ցավալի, բայց ինքնության մի մաս է։
Ոգեկոչելով մեր 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը՝ ես երազում եմ, որ ապրեմ այնքան, համառեմ այնքան, աշխատեմ այնքան, որ գա այն ճիշտ օրը, երբ ապրիլի 24-ին Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները միասին քայլեն դեպի Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցեն Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի դեմ տեղի ունեցած մեծագույն և ծանրագույն հանցագործության զոհերի հիշատակին։ Խաղաղության համար պետք է ոչ թե մոռացում, ուրացում, այլ՝ ցավի, կորստի, հանցանքի ընդունում՝ դրան հաջորդող զղջումով և բաց խոսքով։ Թուրք ժողովրդին ու թուրքական պետությանը ևս պետք է Ցեղասպանության փաստի ընդունումը։ Հուսամ, դա իրապես տեղի կունենա մի օր, դա էլ դուռ կբացի իրական երկխոսության ու խաղաղության համար․․․