Իմ աչքի տեսածը․ ինչպես 6 ամսում ամենաբառդակ զորամասը դարձավ ամենակարգապահը, որտեղ ոչ մի միջադեպ այլևս չէր լինում
Մի զորամասում եմ ծառայել, որտեղ շատ դեպքեր էին լինում, ռազբորկաներ, ծեծ, հայհոյանքներ և այլն։ Հերթական դեպքը եղավ զորամասում, որի արդյունքում 4 մահ ունեցանք․ անսարք բեռնատար կամազի կուզովում զորք էին լցրել, ուղարկել մի վայր, ճանապարհին Կամազը շուռ էր եկել ու 4 զինվոր էր մահացել։ Նման բան, որ բեռնատար Կամազի կուզովում զորք լցնեն, միայն խայտառակ բառդակի ժամանակ է հնարավոր, ընդ որում՝ մեղավոր էլ ճանաչեցին Կամազի մահացած վարորդին՝ հրազդանցի Էդոյին։ Բա հո 1-ին կորպուսի հրամանատար Պողոսյան Ժիրայրը չէր դատվելու, ինչպես միշտ զինվորն է մեղավոր։
Այս դեպքից հետո նոր հրամանատար նշանակեցին, ծագումով Արցախից Գաբրիելյան Հովիկը, 6 ամիս եմ ծառայել իր հրամանատարության ներքո ու 6 ամսում զորամասում ՈՉ ՄԻ միջադեպ չեղավ, ամենաբառդակ զորամասը վերածվեց ամենակարգապահ զորամասի։ Մարդը արգելել էր ընդհանրապես հայհոյանք օգտագործել, դա արգելված էր թե՜ զինվորներին, թե՜ սպաներին, զորամասում հաստատեց «ուստավ» ասվածը, երբ ծառայությունը կազմակերպվում է բացառապես օրենքով, այլ ոչ թե «խառոշիներով» ու «պռախոդներով»։ Խոջալուում ծառայածները ևս լավ գիտեն Գաբրիելյանին, նա նաև տանկային բիաթլոնի հաղթող հրամանատարն էր։
Երբ խոսում եմ վատ սպաներից, պետք է ասեմ, որ կան նաև իսկապես լավ սպաներ, որոնք իրենց գործի պրոֆեսիոնալն են ու հենց նման սպաները պետք է առաջխաղացումներ ստանան, այլ ոչ թե քավության նոխազներ դառնան ու դատվեն, ինչպես նույն Գաբրիելյան Հովիկի դեպքում։
Երբ ասում են «լավ սպա», իմ աչքի առաջ գալիս է փոխնգդապետ Գաբրիելյան Հովիկը։ Եթե այս գրառումս կկարդան համապատասխան մարմինները, թող գնան, գտնեն այդ մարդուն ու խնդրեն, որ վերադառնա ծառայության ու այս բառդակի վերջը տա։ Իմ ունեցած ինֆորմացիայով՝ ինքը տևական ժամանակ կալանքի տակ էր ու դատվում էր, որովհետև պատերազմը բառդակի վերածած գեներալիտետի փոխարեն դատարաններում դատվում են միջին օղակի նման կարգին սպաները։
Երբ քննադատում ենք, ասում են՝ «ով էլ լինի, նույնն ա», ես հակառակ մոտեցումն ունեմ․ ով էլ լինի, նույնը չի ու անելու ձևն էլ, տեղն էլ ասում եմ։ Ամեն գործ պետք է անի այդ գործից հասկացողը։
Հ․Գ․ եթե հրամանատարը կկարդա գրառումս, ջերմ ողջույններ իրեն, շատ բան եմ սովորել իրենից։
Photo